Դիաբետի ցուցանիշն ամենաբարձրն է
Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Միջազգային առողջապահական կազմակերպության տվյալներով Հայաստանը տարածաշրջանում շաքարային դիաբետի տարածվածության, ինչպես նաև դրա հետևանքով մահացության դեպքերով առաջինն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը։
«Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 56 հազար շաքարային դիաբետով հիվանդ, որոնցից մոտ 400-ը երեխաներ են»,- ասաց Մուրացան հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան։
Թե ինչով է պայմանավորված, որ տարածաշրջանում Հայաստանն այս ցուցանիշով առաջինն է, Ելենա Աղաջանովան դժվարացավ նշել։
«Հիվանդների քանակը իրականում ավելի շատ է, քան 56 հազարը։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր հիվանդների մոտ է դիաբետը ախտորոշված»,- ասաց Ելենա Աղաջանովան։
Ելենա Աղաջանովան նշեց, որ այս հիվանդության բուժումը հեշտացնելու համար կարևոր է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը. «Խնդիրն այն է, որ երբ հիվանդությունից տեղյակ չեն լինում, այն ուշ է ախտորոշվում, իսկ ուշ ախտորոշման դեպքերում էլ, դժվարանում է նաև բուժումը»։
Այդ նպատակով «Երազ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ Երևանի և Ապարանի ավագ դպրոցներում, որոնց ընթացքում աշակերտները եւ ուսուցիչները կիրազեկվեն շաքարային դիաբետի ախտանիշների, դրա բուժման ձևերի մասին։