Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լատվիայի դեսպանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորներին

Պաշտոնական
ff8a533be52f32210f74c00699a23501

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Կարապետյանը այսօր հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսի հետ: Ողջունելով հյուրին՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նշելով, որ եվրոպական ինտեգրացիան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարեւորագույն ուղղություններից մեկն է : Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրին առնչվող հարցեր:

Անդրադառնալով 2012 թվականի փետրվարին Էդգարս Ռինկեւիչսի՝ Բաքու կատարած այցին եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ Նաիրա Զոհրաբյան նշեց, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ Ռինկեւիչսը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Տիկին Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական մամուլի այս հայտարարությանը Լատվիայի ԱԳ նախարարության պաշտոնական հերքում կամ պարզաբանում չհետեւեց, ինչը նա ակնկալում է ստանալ երեւանյան այցի ժամանակ:

Լատվիայի դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի համար եւ հույս հայտնել, որ այցի ընթացքում բոլոր խնդիրները եւ կնճիռները, որոնք առաջացել են այս կամ այն հայտարարության հետ կապված՝ ԱԳ նախարարի այցի ընթացքում կպարզաբանվեն: Այս մասին հայտնում է ԱԺ-ի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։