Է. Նալբանդյան «Ավելի իրատես է պետք լինել»
«Ադրբեջանի կողմից ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկելու հարցը չեմ կարծում, որ այդքան լուրջ է, հատկապես, եթե խոսքը 17 տարվա հնության առաջարկի մասին է: Եթե 17 տարի առաջ այդ առաջարկված քարտեզը ինչ-որ իմաստ ունենար, ապա այն ժամանակ հնարավոր կլիներ առաջ շարժվել դրա հիման վրա: Պետք է ավելի իրատես լինել, լրջորեն մոտենալ միջազգային հանրության առաջարկներին, որոնք արտահայտվում են եռանախագահների միջոցով»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ըստ նրա՝ այդ առաջարկները արվել էին Կազանում, ինչպես նաև համապատասխան հայտարարություններ էին արվել նախարարների մակարդակով թե Լոս Կաբոսում, թե‘ Դովիլում, թե' Մուսկոկայում, թե' Լ'Աքվիլայում.
«Պետք է շարժվել առաջ հենց այս առաջարկների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը այս առաջարկությունների վերաբերյալ, ապա այն բազմիցս և հստակորեն արտահայտվել է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը հայտարարել է, որ իր երկիրը առաջարկել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որը, այսպես ասած, փուլային տարբերակն է և կրկնում է դեռևս 90-ական թվականներին շրջանառության մեջ դրված տարբերակը: