Սեյրան Օհանյան. « Դուք ավելի լավ եք իրականացնելու»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում: Նախարարը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ մասնակցել է մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի և Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև զոհված ազատամարտիկների հարազատները:
ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում խորհրդանշական է համարել մայր բուհում Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների անուններով լսարանների բացումը հենց Ուսանողության միջազգային օրվա նախօրեին:
Շնորհավորավորական խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է ուսանողերի դերը հաղթանակների հասնելու և մեր երկրի պատմության կերտման ճանապարհին. «Բոլոր ժողովուրդների պատմության մեջ մեծ է եղել ուսանողների դերը: Ուսանողները հզոր ուժ են: Հայ ժողովրդի առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծման համար դուք պետք է պայքարեք. ապագան ձեր ձեռքերում է... Ես վստահ եմ, որ դուք ավելի լավ եք իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանության գործը, քան` մենք»,- վստահեցրել է պաշտպանության նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարը ԵՊՀ մի շարք ուսանողների և աշխատակիցների հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ՝ ՀՀ զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար: