«Մարդը պետք է քարանձավ վերադառնա» (տեսանյութ)
41-ամյա երևանաբնակ Գարիկ Կուրղինյանը ներս է հրավիրում քարանձավ. «էս քարանձավն իմ վերջին կացարանն է»։
Նա այստեղ բնակություն է հաստատել կնոջ եւ երկու որդիների հետ վիճաբանելուց եւ իր տունը լքելուց հետո:
Երևանյան լճի հարևանությամբ ապրող, բարձրագույն կրթությամբ քարանձավաբնակ քաղաքացին վստահեցնում է. ունի ամենատարբեր մասնագիտություններ`ճարտարապետ է, դիզայներ, մեխանիկ եւ այլն:
Մինչ քարանձավաբնակ դառնալն ,աշխատել է բուսաբանական այգում: 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո նրան ազատել են աշխատանքից՝ քաղաքացիական ակտիվության համար:
Ինքն իրեն ժամանակակից Ռոբինզոն Կռուզո անվանող Գարիկ Կուրղինյանը փոքրիկ քարանձավում բացի մահճակալից, սուրճի սեղանից ու վառարանից, նաեւ հատուկ տարածք ունի՝ տարբեր տեսակի կանաչիներ աճեցնելու համար, որոնք նրան կհուշեն.«Քանի իմ կանաչիները ողջ են, ուրեմն իմ քարանձավում ապրելու նորմալ պայմաններ են»։
Այս 9 ամիսների ընթացքում նա հասցրել է մշակել քարանձավի դիմացի փոքրիկ հողամասը։ Գարիկ Կուրղինյանը զբաղվում է նաև ձկնորսությամբ: Երևանյան լճից ձուկ է որսում և փոխանակում մոմի կամ այլ անհրաժեշտ իրերի հետ:
Ունի շներ ու քարանձավաբնակ ճագար: Վստահեցնում է, որ գտել է՝ լինել, թե չլինել հարցի պատասխանը. «Մարդ դառնալու համար մարդը պետք է քարանձավ վերադառնա»:
Ի դեպ, Գարիկ Կուրղինյանն այն եզակի գործազուրներից եւ անօթեւաննեից է, ով կարողանում գոյատեւել իր հնարամտության շնորհիվ; Պաշտոնական վերջին տվյալներով՝ գործազուրկ է 65 հազար 100 մարդ:
Այս մարդկանցից 10.400-ն ունեն բարձրագույն կրթություն: