Ինչո՞ւ է ՅՈՒՆԵՍԿՈՕ-ն անտեսում Ղարաբաղը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի ուշադրությունն է հրավիրել։
1960 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Կրթության խտրականության մասին» հռչակագիր, և այդ համատեքստում նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը երկու գրություն է ուղարկել` բարձրացնելով չճանաչված պետությունների քաղաքացիների կրթության իրավունքի պահմանման խնդիրը` «առաջարկելով մարդու կրթության իրավունքը չշաղկապել պետական խնդիրների հետ, այլ, ընդհակառակը, տարանջատել քաղաքականությունը կրթությունից և միջազգային կրթական տարածքում ընդգրկել նաև չճանաչված պետությունները»:
«Առաջին գրությանը ստացել ենք պատասխան նամակ, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը պարտրաստակամություն է հայտնել հարցը քննարկել, որին հաջորդել է իմ երկրորդ գրությունը` համապատասխան աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, որին, ցավոք, առ այսօր պատասխան չի ստացվել»,-դիմելով պարոն Պատրիս Կոր-Բիզոյին` ընդգծել է նախարարը` խնդրելով վերջինիս միջամտությունը նշված հարցի շուրջ:
«Երկրորդ խնդիրը, որ ցանկանում եմ բարձրաձայնել, վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական վիճակագրությունը, որը բազմաթիվ միջազգային կառույցներ համարում են ամենարժանահավատ կրթական-տեղեկատվական աղբյուրներից մեկը և իրենց աշխատանքներում շատ հաճախ հղում են կատարում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքին: Մենք պարբերաբար ՀՀ կրթական համակարգի թարմ հաշվետվություններն ուղարկում ենք ՅՈՒՆԵՍԿՕ, որոնք, ցավոք, մեծ ուշացումով են տեղադրվում կայքում, և ՀՀ կրթական բաղադրիչի գնահատականը երբեմն ձևավորվում է կայքում առկա 5 տարվա վաղեմության տվյալների վրա»,-փաստել է Արմեն Աշոտյանը` այս համատեքստում բարձրացնելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում չճանաչված տասնյակ պետությունների կրթական վիճակագրության ցանկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բացակայության խնդիրը` կոչ անելով այս հարցում չկիրառել կրկնակի մոտեցումներ` հատկապես, որ, ըստ նախարարի, ԼՂՀ-ն ևս համապատասխան կրթական հաշվետվություն է պարբերաբար ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ: