Դասընթացներ՝ զինծառայողների համար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն:
Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը, որն անցկացվել է հանրապետության երկու զորամասերում, գնահատվել է արդյունավետ: Զինծառայողների դասընթացները կազմակերպվել են մանկավարժական համալսարանի գործուղած դասախոսների միջոցով: Զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ծրագրում ընդգրկված 122 զինծառայողներից հանրապետության տարբեր բուհեր են ընդունվել 52-ը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ 5-ը, իսկ ուսումնարաններ՝ 8-ը:
«Տեսանելի է նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Եթե ծրագիրը շարունակվի, ապա դրանում պետք է ներառվեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի զորամասերը»,- ասել է Տոնոյանը:
Հաշվի առնելով զինծառայողների գերակշիռ մասի հետաքրքրությունը կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների նկատմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է միջնակարգ, այդ թվում՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ-ում դարձնել պարտադիր, ուստի զինվորական ծառայությունից զորացրվածների կարճաժամկետ անվճար ուսուցման կազմակերպման հնարավորությունը ՀՀ ՊՆ-ի կողմից ողջունելի է համարվել:
Այնուհետև անդրադարձ է կատարվել անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար իրականացված կրթական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին: Ծրագիրն անցկացվել է Լոռիի մարզում և Երևանի Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի հետազոտության փուլում ներառվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան 3664 երեխաներ, որից 339-ը Շենգավիթ վարչական շրջանի անապահով ընտանիքների երեխաներն են: Նշվել է, որ նրանց մի մասը բուհերում կամ արհեստագործական համակարգերում արդեն իսկ սովորելիս են եղել: Կրկնուսույցների մոտ սովորելու ցանկություն են հայտնել 483-ը, որոնցից 288-ն արդեն իսկ ընդունվել են բուհեր, 286-ը՝ միջին մասնագիտական համակարգ: Տեղեկացվել է, որ Շենգավիթում 62, իսկ Լոռիի մարզում 140 երեխաներ սկսել են կրկնուսույցների մոտ մասնակցել կրթական պարապմունքներին:
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։