Բացվեց «Մեկ պատուհան»
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է «Մեկ պատուհան»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը:
Այն հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել:
Ըստ քաղաքապետանի մամլո ծառայության՝ բնակիչներին այստեղ կսպասարկեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող իրավախորհրդատուներ և մասնագետներ, ինչը հնարավորություն կտա առավել բարելավելու քաղաքացիների և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների մակարդակն ու սպասարկման որակը:
Նորաբաց գրասենյակի միջոցով կիրականացվեն ցանկացած բնույթի քաղաքաշինական և հողօգտագործման փաստաթղթերի, այդ թվում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքների, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, շինարարության և քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության փաստագրման ակտերի, գլխավոր հատակագծերի, նշահարման ակտերի, տեղագրական հանույթների և այլ փաստաթղթերի տրամադրում: