Խաբաձե. Ճանապարհը կկառուցվի
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հույս ունի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության եւ ՀՀ գլխավոր հյուպատոսության միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ նոր ղեկավարության օրոք:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեին:
Ըստ ԱԳՆ մամլո հաղորդագրության՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը եւ Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով պրն. Խաբաձեն հայտնեց, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում:
Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տեւողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:
Զրուցակիցները շոշափեցին աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծեց վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Քննարկվեցին նաեւ Աջարիայի եւ ՀՀ Լոռու մարզի քույր քաղաքների միջեւ համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր: