Վարչապետը խոսում է պարտավորություններից
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովին:
Այն անցկացվում է կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից:
Վարչապետի խոսքով` մասնագետները նշում են, որ, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանն այսօր դեռևս ունի հնարավորությունների պատուհան և պետք է օգտվի դրանից` իրականացնելով կենսաթոշակային բարեփոխումներ.
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար: Դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին, այսինքն` նա պարտավոր է աշխատանքի ընթացքում որոշակի հատկացումներ կատարել իր անձնական հաշվին և կուտակել ապահով ծերության համար: Ընդ որում, որպեսզի այդ անցումն ավելի մոտիվացված լինի, պետությունը պարտավորություն է ստանձնում կրկնապատկել իր քաղաքացիների խնայողությունները. որքան քաղաքացին կկուտակի իր հաշվին, այդքան պետությունը կկրկնապատկի նրա խնայողությունը: Այսպիսի մոտեցումը պարտադրում է, որպեսզի հասարակությունը փոխի իր մտածողությունն այս բնագավառում: Մեր երիտասարդները պարտավոր են ծանոթանալ այս հայեցակարգին, քանի որ 2014 թ. հունվարի 1-ից նրանք պետք է ընտրություն կատարեն և ինքնուրույն պլանավորեն իրենց ապագան»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կուտակային հիմնադրամներ ներդնելու պարագայում պետությունը չի խուսափում պատասխանատվությունից: Մասնավորապես, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի նվազագույն սոցիալական երաշխիքների բաղադրիչ, որտեղ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է պետության վրա: «Պետությունը պարտավորություններ ունի սոցիալապես խոցելի խավերի նկատմամբ և երաշխավորում է նվազագույն սոցիալական ապահովվածություն իր բոլոր քաղաքացիների համար»:
Գործելու են նաև կամավոր կուտակային հիմնադրամներ այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան կուտակել օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափից ավելի գումար: