Երեւանցին կծննդաբերի միայն Երեւանում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները:
Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն ծննդաբերների և մինչև 7 տարեկան երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում:
Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլի շնորհիվ` կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունում այժմ մշակվում է ծննդկանների և երեխաների ուղեգրման կարգը` ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների:
Դերենիկ Դումանյանը կարևորեց տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած և նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։
Մարզպետարանների առողջապահության պատասխանատուները Դերենիկ Դումանյանին նաև ներկայացրեցին նախարարի հրամանով Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում մասնագետների մարզային այցերի ընթացքում իրականացված աշխատանքների մասին։