382 ընտանիք ավելի հարմարավետ կապրի (տեսանյութ)
Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Դիլիջան քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով հատկացրել է 1 մլրդ 146 մլն դրամ։ Այդ գումարով բնակարանային պայմանները կարող է բարելավել 382 ընտանիք։ Ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից։
Փոփոխություն կարեւոր ցանկում
Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել, տարանջատել ու հստակեցնել պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների տնօրինումը, ինչը պայմանավորված է ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթներով։
Տարկետում
ՀՀ կառավարությունը մինչև 2013 թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկու, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց տասնութ, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի չորս միաբանի, ուսանողի և սանի, մինչև 2013 թ. գարնանային զորակոչը` Երևանի N29 ավագ դպրոցի մեկ աշակերտի, մինչև 2015 թ. գարնանային զորակոչը` ՀՀ տարիքային տարբեր խմբերի ազգային հավաքական թիմերի անդամ չորս ֆուտբոլիստի։ Եվս մեկ ֆուտբոլիստ տարկետում է ստացել մինչև 2013 թ. գարնանային զորակոչը։