Համարյա թալան օդակայանում
Չի կարող արդյո՞ք կառավարությունը գոնե շաբաթը մեկ մի ավտոբուս հատկացնել սիրիահայերին օդանավակայանում դիմավորելու և տեղափոխելու համար։
«Երեկ օդակայանում դիմավորում էի բարեկամներիս, ականատես եղա, թե ինչպես է ՀՀ վարչապետին պատկանող տաքսի ծառայությունը «թալանում» Հալեպից մազապուրծ փրկված հայերին»,- գրում է Ֆեյսբուքի օգտատեր Առաքել Սեմիրջյանը։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք այն փաստը, որ օդակայանում գործում է մեկ տաքսի ծառայություն ՝ հաստատագրված 5000 դրամ վճարով մինչև քաղաքի կենտրոն, հաշվի առնել չես կարող երկրորդ հանգամանքը. «Այդ տաքսիները սիրիահայ փախստականներին թույլ չէին տալիս մեկ տաքսիով հասնել քաղաք, պատճառաբանելով, որ նրանց ճամպրուկները շատ են ու առնվազն երկու տաքսի պետք է վերցնել, որպեսզի մեկով երթևեկեն, մյուսի մեջ տեղավորեն ուղեբեռը»:
Երբ Առաքելը փորձել է բողոքել այս անարդարության դեմ, «վիճաբանության բռնվել «վարչապետի տաքսիստների» հետ» , նրանք սկսել են պատճառաբանել, որ «երկիրը-երկիր չի, իրենք էլ են ընտանիք պահում ու պետք է օրեկան վարձ տան իրենց շեֆերին ու հետո էլ հետաքրքիր առաջարկ արեցին, որ սիրիահայերին էժանով քաղաք տանելը իրենց խնդիրը չի ու շաբաթը մեկ կառավարությունը կարող է մի ավտոբուս հատկացնել նրանց դիմավորելու և տեղավորելու նպատակով...»։
Ի դեպ, սովորական տաքսի ծառայությունները Երեւանի ցանկացած կետից օդակայան տեղափոխում են 2000 դրամ, վերադարձի դեպքում գործում է 3000 դրամ սակագինը։ Այս սակագներին ծանոթ ուղեւորներին, օդակայանի նույն տաքսի ծառայությունում խոստանում են Երեւան տանել 4000 դրամով։