Խումբ կգործուղեն Լիոն
Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով` Լույսերի տոնին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը։
Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող «Սիտրալ» տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը չմերժելու համար, «Սիտրալ»-ի նախագահը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հայեցակարգն ու ծրագրերը: Բեռնար Ռիվալտան նախ նշել է, որ Մեծ Լիոնում քաղաքային տրանսպորտի աշխատանքներն իրականացվում են բացառապես իրենց ձեռնարկության կողմից` օրական ապահովելով 1.4 մլն բնակչության տեղաշարժը: Ձեռնարկության կառավարման տիրույթում են ինչպես վերգետնյա հասարակական տրանսպորտային միջոցները, այնպես էլ Լիոնի մետրոպոլիտենը:
Լիոնի քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասով էլ «Սիտրալ»-ի նախագահը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում երթուղագծերի ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, որի նպատակով արդեն իսկ նախատեսել են ծախսել շուրջ 2.1 մլրդ եվրո:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու և այն Երևանում ներդնելու համար:
Մինչ այս հանդիպումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տուրիզմի զարգացման հարցեր է քննարկել Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի պատմամշակութային առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանն այսօր բաց և պատրաստակամ է քննարկել տուրիզմի խթանման ու զարգացման տարբեր առաջարկներ, այդպիսով նաև գործնական հենք ստեղծելով երկուստեք փոխշահավետ համագործակցության հեռանկարների ուղղությամբ: