Սիրիահայերը կոնյակի եւ գինու գործարանում
ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնահարցերը: Այս մասին վստահեցնում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունը։
Ըստ վարչության տեղեկատվության՝ մեկը մյուսին են հաջորդում ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում կազմակերպվում է հնարավորինս դյուրին ընթացակարգերով: Շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի որոշ մասի մասնագիտական ու ըստ նախասիրությունների աշխատանքով ապահովելու, ինչպես նաև բնակարանային վարձի հիմնախնդիրը:
Հայաստան ժամանած սիրիահայերի մի մասն ունի ազատ կապիտալ, մի մասն էլ՝ Հայաստանում գործ հիմնելու, ներդրումներ կատարելու ցանկություն:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալության, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի կենտրոնի աջակցությամբ շարունակաբար հանդիպում-խորհրդակցություններ են հրավիրվում, որոնց նպատակը ներդրումների պատրաստակամություն ունեցող սիրիահայերին հայաստանյան բիզնես միջավայրի և իրավատնտեսական օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումն է:
Սիրիայում կայացած գործարարները ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով այցելել են Նոր Եդեսիայում գտնվող «ԱրմԱս» ՍՊԸ-ի կոնյակի և գինու գործարան: «ԱրմԱսի» տնօրեն Արմեն Ասլանյանը սիրիահայ գործարարներին պատմեց, որ Հայաստանից 20 տարվա բացակայությունից հետո վերջին 6 տարիներին վերադարձել է հայրենիք՝ ձեռք բերելով 180 հեկտար հողատարածք և իտալացի մասնագետների ներգրավմամբ կառուցել է 4000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կոնյակի ու գինու գործարան, հիմնել՝ խաղողի և պտղատու ծառերի այգի:
Սիրիահայերը շրջել են գործարանում, ծանոթացել արտադրության ողջ գործընթացին, տեխնոլոգիաներին, ստորագրել Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ «Խաղաղություն հալեպահայերին» մակագրությամբ գինու տակառի վրա, շրջել այգիներում:
Այնուհետև մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության ոլորտի օրենսդրության, հարկային ու մաքսային քաղաքականության մասին: Գործարարները տեղեկացել են, որ սարքավորումների ներմուծման ընթացքում կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնված սահմանված կարգով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Ներկաները խորհրդակցեցին գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին: «ԱրմԱսի» տնօրենն իր օրինակով փաստել է, որ պետությունը խրախուսում է ներդրումները կառավարության ծրագրերում գերակա ուղղություն հանդիսացող գյուղատնտեսության, գինեգործության ու կոնյակագործության բնագավառներում, նպաստում է նշված ոլորտների զարգացմանը: Ու թեև գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի եկող տարվա մայիսին, վստահ է, որ արդյունավետ կընթանան նաև արդյունահանման գործընթացները:
Հանդիպման ավարտին գործարար սիրիահայերը կիսել են իրենց կարծիքները, նշելով, որ հանդիպումը կողմնորոշման առումով օգտակար էր իրենց առաջիկա ներդրումային ծրագրերը իրականացնելու գործում:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրել է, որ վստահելի գործընկերներ ձեռք բերելու և որակյալ խորհրդատվության կարևորության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հարկային ու մաքսային օրենսդրության, բիզնեսի հիմնման վերաբերյալ խորհրդատվությունը անհրաժեշտ է ստանալ պետական կառույցների միջոցով: