Վարչապետի այցը դեռ շարունակվում է
Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Մայնց քաղաք, որտեղ` Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ կայացել է հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:
Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք և մեծ պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և այդ նպատակով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: «Եվ խորհրդանշական է, որ մեր այդ միջոցառումների շարքն այսօր ավարտվում է այստեղ՝ Մայնց քաղաքում, գրատպության հիմնադիր Յոհանես Գուտենբերգի բարձր անունը կրող այս հրաշալի թանգարանում:
Իսկ միջոցառումների մեկնարկը տրվել էր անցյալ տարի դեկտեմբերին Վենետիկում: Այդ քաղաքի «Կոռեր» թանգարանում Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո մեծ շուքով անցկացվեց «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը:
Վենետիկի ընտրությունը բնավ պատահական չէր: 500 տարի առաջ հենց այդ քաղաքում էր հիմնվել առաջին հայկական տպարանն ու լույս տեսել առաջին հայերեն տպագիր գիրքը: Այդ ամենի համար մենք պարտական ենք մի մարդու, որի անունը Հակոբ Մեղապարտ է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Ավարտելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին, «Գուտենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու համար: