Սփյուռքի նախարարությունն ու ԵՊՀ-ն կհամագործակցեն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պայմանագիր ստորագրեցին 2012-2017թթ. գիտակրթական և մշակութային համագործակցության վերաբերյալ:
Այսուհետ գիտական, կրթական, գեղարվեստական գրականության, հետազոտական թեմաների պատվերներն ու հրատարակումը, ինչպես նաև միջոցառումների ու ծրագրերի համատեղ մշակումը, կազմակերպումն ու իրականացումը Հայաստանում և Սփյուռքում պայմանագրային բնույթ կկրեն: Համատեղ կկազմակերպվեն գիտաժողովներ ու համաժողովներ, ուսանողների պրակտիկան: Կշարունակվի ԵՊՀ-ի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի գործունեության ապահովումն ու սփյուռքագիտության գծով մագիստրոս մասնագետների պատրաստումը, «Սփյուռք ամառային դպրոցի» գործունեությունը:
«Մայր բուհը մեզ համար դարձել է այն հիմնարար կենտրոնը, որի հետ նախարարությունը հիմնադրման առաջին օրվանից գործակցում է»,- նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով հատկապես Սփյուռքի համայնքների պատմությունը գրի առնելու գործում ԵՊՀ մասնակցությունը:
«ԵՊՀ-ն լրջորեն է մոտենում այս համագործակցությանը: Մեր անցած ուղին կարճ է, բայց բազմաբովանդակ: Կարծում եմ` ձեռքբերումները թույլ են տալիս կառուցել համագործակցության միանգամայն նոր մակարդակ: Ուրախալին այն է, որ դասախոսական և ուսանողական նորանոր շրջանակներ են ներառվում այս համագործակցության մեջ»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: