Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնի քաղաքապետը կայցելի Հայաստան

Պաշտոնական
7ca8445c893f9f82370d44851825b6d8

Ֆրանսիայի հանրապետության Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրասիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար, Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ ևս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական և այդ համատեքստում նաև երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը՝ Լիոնի քաղաքապետը նաև նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացման պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս բաց ու պատրաստակամ է երկուստեք հարաբերությունների ընդլայնման հարցում:

Նկատելով, որ 2013-ին կլրանա երկու քաղաքների քույրացման 20-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին հրավիրել է Երևան` ձևավորված հարաբերությունների հոբելյանական տարին նշելու և գործընկերային հարաբերությունների խորացման հնարավոր մոտեցումները տեղում քննարկելու համար:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժերար Կոլոմբը խոստացել է նախապես համաձայնեցնելուց հետո հաջորդ տարի պաշտոնական այցով այցելել Երևան:

Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին` երկու քաղաքների հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին պարգևատրել է մեդալով` երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար: