Ով ով է՝ ըստ օմբուդսմենի
Այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ այդ մարդկանցից մի մասին տրամադրել ենք իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290 դիմումների ընթացք ենք տվել: Դրանց ընթացք տալուց հետո պարզվել է, որ 820 մարդու բողոք հիմնավոր է, և այդ հիմնավոր դժգոհությունները հիմնականում վերաբերել են հետևյալ մարմիններին. ՀՀ ոստիկանություն (167 բողոք), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (97 բողոք), ՀՀ արդարադատության նախարարություն (91 բողոք), ՀՀ պաշտպանության նախարարություն (68 բողոք), Երևանի քաղաքապետարան (52 բողոք):
«Այն, որ քաղաքացիները ներկայացրել են հիմնավոր բողոքներ այս կամ այն պետական մարմնից, չի կարող լիարժեք բնորոշել այդ մարմնի ղեկավարության վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ: Այդ վերաբերմունքը լավագույնս արտահայտում է մեկ այլ վիճակագրություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի կայացրած ԽԱԽՏՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ վիճակագրությունը: Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ պետական մարմինը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տեղեկանում է քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն համառում է յուր ապօրինության մեջ: Սա է դրսևորում պետական մարմնի վերաբերմունքը և անարգանքը մարդու իրավունքների և օրինականության նկատմամբ»,- ասել է Կարեն Անդրեասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը 2012 թվականին կայացրել է 27 խախտման որոշում.
ՀՀ դատախազություն -6
ՀՀ պաշտպանության նախարարություն- 6
ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարություն - 4
ՀՀ արդարադատության նախարարություն - 3
Երևանի քաղաքապետարան - 2
ՀՀ ԿԱ ոստիկանություն - 2
ՀՀ կրթության և գիտության նախարարություն - 1
ՀՀ արտաքին գործերի նախարարություն - 1
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե - 1
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն - 1