«Շատ սուր, զզվելի հոտ էր գալիս»
Սյունիքի մարզում գտնվող Նորաշենիկ գետի այն հատվածը, որը գտնվում է «Դինո գոլդ Մայնինգ» գործարանի տարածքում, ամբողջությամբ ողողված է աղբով։ Այս մասին ահազանգում են բնապահպաններն, ովքեր դեկտեմբերի 4-ին եղել են գետի այդ հատվածում։ «Պոչամբարի թափոնատարի և գետի գույնը իրարից ընդհանրապես չէին տարբերվում»,- այսօր «Ա1+»-ին ասաց լրագրող Թեհմինե Ենոքյանը։
Բնապահպանները ենթադրել են, որ գետի ողջ աղտոտվածությունը «Դինո գոլդ մայնինգ»-ի գործունեության հետևանքն է։ «Սակայն դրանք «Դինո գոլդ»-ի թափոնները չեն, քանի որ հետագայում տվյալ ընկերությունը հերքեց և ասաց, որ այնտեղ ինքը թափոնատար չունի»,- ասաց Թեհմինեն։
Թե ինչի հետևանքով է գետը հայտնվել այդ վիճակում, բնապահպաններին պարզել չի հաջողվել։ Կան միայն վարկածներ։
«Մեզ ասել են, որ դրանք Արծվանիկից եկող պոչանքներ են, որոնք կամ վթարի կամ մեկ այլ բանի հետևանքով են հայտնվել այնտեղ»,- ասաց Թեհմինե Ենոքյանը։ Գետի աղտոտման հետևանքով պատճառված վնասի չափը հայտնի չէ, իսկ դեպքի առնչությամբ քրեական գործ դեռևս չի հարուցվել: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական խումբը հայտարարում է. «Մենք պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությանը և ոստիկանությաը հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք համոզված ենք, որ պատասխանատու է Սյունիքում գործող հանքաթափոնային ընկերություններից մեկը:Եթե դատախազությունը քայլեր չձեռնարկի, ապա ոչ պակաս պատսխանատվություն կկրի նաև դատախազությունը, ինչպես նաև ոստիկանությունը»։
Թեհմինեն, ով տեսել է, թե ինչ վիճակում է գտնվում Նորաշենիկ գետը, այդ տարածք բոլոր այցելել ցանկացողներին խորհուրդ է տալիս դիմակ կրել և համապատասխան ձեռնոցներ ունենալ. «Շատ սուր, զզվելի հոտ էր գալիս։ Նույնիսկ սրտխառնոց ինձ մոտ առաջացավ»։
Բնապահպանները նաև ասացին, որ գետին հարակից հատվածում ցորենի դաշտ կա, որը տեղի բնակիչների խոսքերով ոռոգվում է հենց աղտոտված Նորաշենիկ գետի ջրերով։