Շվեյցարիացիները ժամանել են Հայաստան
Դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվեց վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ նշվեց բարձրաստիճան այցերի ու փոխշփումների դինամիկան հետագա տարիներին եւս շարունակաբար ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու դրույթների բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Կողմերը քննարկեցին ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության եւ ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Փոխադարձաբար ներկայացվեցին տարածաշրջանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունները: