Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Հովսեփյանը այլ մեղավորներ էլ է տեսնում

Պաշտոնական
a0efa9936c79eccb69663cadb23c487c

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային գրադարանի, Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի եւ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները:

«Քրեական գործերի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս, քանզի վերաբերում են ոչ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարության ընթացքում թույլ տրված հավելագրումներին, որակին, այլ նաեւ՝ ի սկզբանե նախագծանախահաշվային փաստաթղթերի ճիշտ կազմմանը, այսինքն՝ կապալառու կազմակերպություններին ճիշտ առաջադրանք տալուն»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ, ըստ քննության տվյալների, պետական բյուջեից հատկացված գումարները որոշ դեպքերում ոչ նպատակային են օգտագործվում, այլ խոսքով փոշիացվում են՝ սխալ, ոչ լիարժեք առաջադրանքի հետեւանքով:

Ընդհանուր առմամբ հավելագրումների միջոցով, քննության տվյալներով, գրադարանի նորոգման հետեւանքով պետությանը պատճառված վնասը ներկայումս կազմում է 36.880.200 դրամ: Քննարկման փուլում է կաղնու փայտից պատուհանների տեղադրման, գրադարանի պատերը սոսնձաներկից մաքրելու, ինչպես նաեւ՝ գրադարանի մուտքից դեպի Տերյան փողոց տանող հատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսված շուրջ 40 մլն դրամի արդյունավետ օգտագործման հարցը:

Սակայն ամենակարեւոր խնդիրը շենքի սեյսմակայունության հարցն է: «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության եզրակացության համաձայն՝ գրադարանի շենքը 3-րդ աստիճանի վթարային կառույց է եւ անհրաժեշտ է իրականացնել սեյսմազինվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

«Եթե շենքը սեյսմակայուն չէ, ապա ինչու է քաղաքաշինության նախարարությունը հիմնանորոգման խնդիր դրել՝ առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի: Նման պայմաններում, ակնհայտ է, որ եթե անգամ կապալառու կազմակերպությունը պատշաճ իրականացնի ստանձնած պարտավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, որը, ըստ ստուգման արդյունքների կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ, ապա միեւնույն է գրադարանի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացված հարյուրավոր միլիոնի դրամի ֆինանսավորումը դառնում է ոչ նպատակային,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով,- Ակնհայտ է, որ կապալառու կազմակերպությունից չենք կարող պահանջել մի աշխատանք, որպիսի առաջադրանք չի տրվել, եւ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչու նման առաջադրանք չի տրվել: Կամ գործ ունենք չարամիտ դիտավորության հետ կամ էլ, մեղմ ասած, պաշտոնեական անփութության, անբարեխիղճ վերաբերմունքի, որի հետեւանքով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնաս»:

Նույն խնդիրը վերաբերում է նաեւ Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցին, քանզի նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն նախատեսվել սեյսմազինվածության բարձրացման կամ ուժեղացման միջոցառումները:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը ապահովել քրեական գործերով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը եւ համարժեք իրավական գնահատական տալ ոչ միայն կապալառու կազմակերպությունների պատասխանատու անձանց գործողություններին՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու եւ հավելագրումներով կատարողական ակտեր ներկայացնելու համար, այլ նաեւ բոլոր այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնց հետեւանքով նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են թերի, ինչի արդյունքում էլ պետության հատկացրած գումարներն օգտագործվել են ոչ նպատակային: