Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Անդրե Մանուկյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում մշակութային ոլորտում:
«Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարևորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաև իմ առաքելությունը»,-նշել է Անդրե Մանուկյանը:
Քաղաքաքպետը վտահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար և հույս հայտնել, որ առաջիկայում Երևանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն:
Անդրե Մանուկյանն այցելել է նաև Երևանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երևանի պատմությանը:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։