Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր եթեր ունենք, վաղը կրկին զրկվելո՞ւ ենք

Հարցազրույց
571e4e20451b6e16f72eaaf6ccb41cd1

Բլից հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ։

 -Շաբաթ ՀՀԿ համագումարում ունեցած իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»: Կարծում եք, որ սեպտեմբերին Արմնյուզի հետ պայմանագիրը կնքվեց այն օգտագործելո՞ւ համար: Երբ դուք ստորագրում էիք համագործակցության պայմանագիրը, սպասո՞ւմ էիք, որ այդ փաստը կօգտագործվի:

-Այո, ի սկզբանե պարզ էր, որ հենց այդ նպատակով էր առաջարկն արվում, սակայն գեղեցիկ քողարկված էր բիզնես առաջարկի անվան տակ: Եվ այստեղ, իհարկե, ինձ մոտ հարց է առաջանում. լավ, եթե այդպես որոշված չէր, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միջամտում երկկողմանի բիզնես պայմանագրին, եւ ինչ է նշանակում, թե «փակված հեռուստաընկերություններին մեր իշխանության օրոք եթեր է տրվել»: Փակվածներից մեկը «Ա1+» -ն է, եւ ես կարող եմ իմ վրա վերցնել: Պատասխանեմ. մենք եթեր չունենք, մենք ունենք պատվեր եւ դա դարձնել քաղաքական շահարկման առարկա եւ նորից մեղադրել ընդդիմությանն ու «Ա1+»-ին' հարցը քաղաքականացնելու մեջ, դառնում է անհեթեթություն: Այսօր Սերժ Սարգսյանը ինքը քաղաքականացրեց այդ հարցը, եւ սկսեց շահարկել: Ես կասեի, որ Սարգսյանն արջի ծառայություն մատուցեց «Արմնյուզի» ղեկավարությանը, որը ելնելով իր բիզնես շահերից եւ ինչ-ինչ ամբիցիաներից, արել էր այդ առաջարկությունը. փաստորեն մատնվեց նրանց խաղը: Դա մի քիչ անիմաստ քայլ էր և ի վերջո, դրանով չի որոշվում' երկրում խոսքի ազատությունը ամրապնդվե՞լ է, թե ոչ, լրագրողների նկատմամբ բռնություններ լինո՞ւմ են, թե՞ ոչ, ընտրություններում լրագրողների իրավունքները ոտնահարվո՞ւմ են, թե՞ ոչ: Դա մանկական խաղ էր ամենատգետ զանգվածի համար, որին չի հետաքրքրում ոչ «Ա1+»-ը, ոչ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը, ոչ էլ ընդհանրապես երկրի քաղաքական վիճակը: Իսկ այն մարդիկ, ովքեր քաղաքական բուռն քննարկումների, նախընտրական եւ ընտրական զարգացումների մեջ են, շատ լավ հասկանում են' ինչ է կատարվում. ուզում են ինչ-որ բան ցույց տալ Եվրոպային, բայց պետք է հիասթափեցնեմ. մենք արդեն ցույց տվել ենք' Եվրոդատարան դիմելով եւ հաղթելով:

-Ի դեպ, «Ա1+»-ը նորից է դիմել ԵԴ եւ սպասում է պատասխանին: Չե՞ք կարծում, որ սա մեսիջ էր ուղղված Եվրոդատարանին:

-Գիտեք Սերժ Սարգսյանը մի փոքր ուշացրեց. ԵԽԽՎ-ն մինչեւ նրա ելույթը արդեն հայտարարել է, որ  չի ընդունում ՀՌԱՀ անցկացրած մրցույթները, քանի որ դրանում չկա բազմակարծություն եւ բացակայում է ընդհանրապես մրցույթի տարրը: Եվ ինձ համար անհասկանալի է' պարոն Ամալյանը ինչպես է հանդուրժում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մենք տվել ենք հնարավորություն, իսկ պարոն Ամալյանն այդ դեպքում ո՞վ է, այդ հանձնաժողովն իրենից ինչ է ներկայացնում, դրածոնե՞ր են, որոնք  հայտնի չէ, թե ինչով են զբաղված եւ հանրության փողերն են մսխում: Միայն մերկապարանոց  հայտարարություններով չի կարելի քողարկել իրականությունը, եւ ցույց տալ, թե ինչքան իրենք դեմոկտրատ են:

-Իսկ Արմնյուզում «Ա1+»-ի ունեցած 20 րոպեն դուք համարում եք բավարա՞ր, եւ արդյո՞ք սպառվում է «Ա1+»-ի ասելիքն ու հնարավորությունները:

-Ես չեմ համարում, որ այդ 20 րոպեով ապահովված է մեր եթերի հնարավարությունը: Կա պրոֆեսիոնալ թիմ, որը զբաղվում է իր մասնագիտական գործունեությամբ, եւ անում է այն շատ պատշաճ կերպով, առանց աջ եւ ձախ կողմնորոշումների, եւ սա եւս մեկ հնարավորություն է ընդլայնելու մեր լսարանը: Ինձ համար, օրինակ, միեւնույնն է, թե ինչ շահարկումներ կլինեն խորհրդարանում, կառավարությունում, կամ նախագահականում, որովհետեւ ես անձամբ ունեմ իմ ծրագիրը, իրենք' իրենցը, ես ունեմ իմ կռիվը դատարում, իրենք ունեն իրենց պաշտպանության հնարավարությունը, եւ մենք այս պարագայում հավասար վիճակի մեջ ենք: Իսկ թե «Ա1+»-ն ունի եթեր, թե ոչ, դա բոլորի համար պարզ է։  Սեպտեմբերի ամսին կնքվել է պայմանագիր 6 ամսով, դա նշանակում է, որ փետրվարի 10-ին մեր պայմանագիրը կարող է դադարեցվել, դա ի՞նչ է նշանակում, որ նորից «Ա1+» -ին զրկեցի՞ն եթերից. այսօր տվել են, վաղը զրկո՞ւմ են։Եվ ո՞վ է այդ ամենն անում, նախագա՞հը: Եվ սա համարվում է ժողովրդավարական երկիր ու դրանով դեռ հպարտանում են: Սա մանկամտության մակարդակի գործունեություն է, ծիծաղելի է, թող բացեն, փակեն, ինչ ուզում են՝ անեն:

-Իսկ այդ 20 րոպեի մեջ «Ա1+»-ի ասելիքը չի՞ սպառվում:

-Մենք աշխատել ենք այդ 20 րոպեի մեջ տեղավորել մեր ասելիքը, սա չի նշանակում, որ մենք այլեւս ասելիք չունենք, սա նշանակում է ուրիշ մոտեցում՝ իր ֆորմատի մեջ ուրիշ, եւ դա այսօրվա օրով մեզ բավարարում է, մենք այդ 20 րոպեի մեջ ոչ թե աշխատում ենք քանդել երկրի հիմքերը, այլ ցույց տալ երկրի պատկերը: Քանդողը մենք չենք, մենք կառուցող ենք:  

 Զրուցեց Դիանա Մարկոսյանը