Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել

Պաշտոնական
f358d6b68820bce5070e54bdac0a4ac5

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել Է 2012թ. վերջին բաց քննարկումը՝ նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում իր զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես եկան տվյալ թեմային առնչվող ելույթներով: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությունը եւ մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքները, այլ նաեւ պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ:

Նա հավելեց, որ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք ու վճռականություն:

Դեսպան Նազարյանը նշեց նաեւ, որ ԱԽ հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարեւորելով խաղաղաշինության գործընթացների եւ մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, եւ որոնք հանդիսանում են հարատեւ անվտանգության եւ կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ: