Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսությունն աճում է, աղքատությունը չի նվազում (տեսանյութ)

Տնտեսություն
6c45981357909b78d7c5dd905f513afe

2012-ին Հայաստանի տնտեսությունն աճել է շուրջ 7,1 տոկոսով՝ 4,0 տոկոս միջին գնաճի պայմաններում։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ նրա, աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։

Հատկապես, նախարարի խոսքով, նշանակալի է արդյունաբերական արտադրանքի աճը՝ 2011-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ 2012-ի նույն ժամանակահատվածում այն կկազմի 12,7 տոկոս։

«Մեր կարծիքով, դեռեւս միայն մեկ ճյուղ կունենանք, որը աճի ցուցանիշներ չի ունենա՝ շինարարությունը, սակայն կարծում ենք, որ մյուս տարի շինարարության ոլորտում նույնպես աճ կգրանցվի, քանի որ արդեն իսկ կմեկնարկի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որը էական ազդեցություն կունենա շինարարության եւ մնացած ցուցանիշների վրա», - նշեց նախարարը։

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, արտահանման աճի տեմպը կգերազանցի ներմուծման աճի տեմպերը շուրջ երկու անգամ։

Մինչդեռ, արտաքին առեւտրաշրջանառության մեջ ներմուծումը շարունակում է շուրջ երեք անգամ գերազանցել արտահանումը. 2012-ի հունվար-նոյեմբերին արտահանվել է 1 միլիարդ 292 միլիոն դոլարի, ներմուծվել՝ 3 միլիարդ 838 միլիոն դոլարի արտադրանք։

Նախարարի ներկայացմամբ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կազմի 21,66 տոկոս։ «Անցած տարվա համեմատ, այս տարվա աճը պետք է որ լինի 0,6 տոկոս։ Եթե այս ցուցսնիշը պահպանվի սա կլինի հարկեր/ՀՆԱ վերջն չորս տարիներին գրանցված ամենամեծ հարաբերակցությունը»։ Նշենք, որ վերջերս, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան հայտարարել է, որ Հյաստանում Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը համեմատելի երկրների հետ համեմատության մեջ շարունակում է խիստ անբավարար մնալ՝ Մասնավորապես, հարեւան Վրաստանում այս շուրջ 6-8 տոկոսով ավել է։

Ընդհանուր առմամբ, Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ, ֆինանսական տարին հաջող էր, «մանավանդ, եթե համեմատում ենք տարածաշրջանային միտումների հետ, որտեղ աճը շուրջ 4-5 տոկոս է գնահատվում»։

Սակայն բնակչության կենսամակարդակի վրա հայտարարվող տնտեսական հաջողությունները էապես չեն ազդի։

Վաչե Գաբրիելյանի խոսքերով, այս տարի արձանագրված 35,1 տոկոսի համեմատ աղքատության ցուցանիշը կնվազի ընդամենը երկու- երեք տոկոսով։