Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են նվազում ներդրումները

Տնտեսություն
2bf89fefa009adf58f0b322087a49e2a

2012-ի ընթացքում Հայաստանի տնտեսության առաջանցիկ զարգացումը տեղի է ունեցել համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրի ֆոնին։ Ամփոփելով անցնող տարին՝ լրագրողներին այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Նա նշեց, որ տնտեսական տարին զգալիորեն ավելի լավն էր, քան կանխատեսվում էր 2012-ի պետբյուջեի օրենքով։ Ըստ բյուջեի, տարվա ընթացքում սպասվում էր ՀՆԱ 4,2 տոկոս աճ, սակայն այդ ցուցանիշը, ըստ Տիգրան Դավթյանի, կլինի 7 տոկոսի շրջանակներում։

«Ընդ որում, այս ցուցանիշներն արձանագրվել են այն ժամանակ, երբ գլոբալ տնտեսությունն ունի խնդիրներ՝ ռեցեսիոն կամ կիսառեցեսիոն գործընթացների ֆոնի վրա։ Այս փաստը պետք է գնահատել, քանի որ «հեշտ է աճել համաշխարհային տնտեսության զարգացման պայմաններում, եւ դժվար, երբ գլոբալ տնտեսությունն ունի լուրջ խնդիրներ»։

Այս առումով, ըստ նրա, Հայաստանը համալրել է այն երկրների ոչ մեծ ցանկը, որոնք այս ոչ հեշտ իրավիճակում կարողացան դրական դինամիկա ունենալ։

Նախարարի խոսքով, տպավորիչ է արդյունաբերության ոլորտում արձանագրված աճը։ «Արդյունաբերության ցուցանիշներն արդեն նոյեմբեր ամսվա ցուցանիշներով անցան 1 տրիլիոն դրամի սահմանը։ Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հետխորհրդային տարիներին այս ծավալի արտադրանք երբեք չի եղել։ Ունենք արտահանման առաջանցիկ տեմպեր»։

Տիգրան Դավթյանը նշեց նաեւ անցնող տարվա շընթացքում հայտարարված մեկ այլ դրական ցուցանիշ՝ Համաշխահային բանկի աղյուսակում բարենպաստ գործարար միջավայրի ցուցանիշով Հայաստանը զբաղեցրեց 32-րդ տեղը 188 երկրների շարքում։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան, ինչու՞ է նման ցուցանիշների դեպքում 35 տոկոսով նվազել օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը, նախարարը նշեց, որ դա ավելի շատ վիճակագրական համընկնում է, եւ այստեղ տենդենց չկա։

«Առաջին հայացքից այս երկու ցուցանիշները փոխկապակցված են եւ կորելյացիա կա, բայց կորելյացիան ոչ թե մեկ տարվա, այլ երկարատեւ կտրվածքով է լինում։ Եթե մենք վերցնենք հինգ տարի, օրինակ, եւ հինգ տարվա ընթացքում բարելավեինք գործարար ոլորտը, եւ այդ ընթացքում ներդրումները շարունակաբար նվազեին, ապա դա մտահոգիչ կլիներ։ Բայց եթե դա տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում, դրանում մտահոգության առիթ չկա», - ասաց նա։

Իսկ ներդրումների կրճատումը նախարարը բացատրեց նրանով, որ մի քանի խոշոր ծրագրեր, որոնք արտացոլվել էին 2011-ի ցուցանիշների մեջ, այս տարի ավարտվել են

«Մասնավորապես, օդանավակայանի շինարարությունը ավարտվեց, եւ բնականաբար, ուղղակի ներդրրումներ չեն կարող լինել այլեւս, Օրանժի եւ հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների ներդրումային ծրագրերը նույնպես հիմնականում ավարտվեցին։ Դրանք արտացոլված էին անցյալ տրավա վիճակագրության մեջ եւ այս տարվա վիճակագրության մեջ արտացոլված չեն լինելու», - ասաց Տիգրան Դավթյանը։