Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չհարցրեց լրագրողների կարծիքը (տեսանյութ)

Սպորտ
2a07980818c28841f26fc03204a29ac3

Հայաստանի տարվա լավագույն մարզիկին որոշելու հարցը գնալով վերածվում է «հայոց հարցի»:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը այսօր մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց պարզել, թե ինչն է պատճառը, որ 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրապետությունում:

Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը մանրամասն բացատրեց, թե ինչ սկզբունքներով են ընտրվում տարվա լավագույն մարզիկների թեկնածուները եւ ովքեր կարող են մասնակցել քվեարկությանը:

«Արմնյուզ» ՀԸ լրագրողը, ընդ որում ոչ մարզական, ցանկացավ պարզել, թե ինչու տասնյակում չի ընդգրկվել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ նրա, մեր օրերի հերոսներից է, իսկ ահա «Արմսպորտ» մարզական կայքի գլխավոր խմբագրին զարմացրել է այն, որ թեկնածուների ցուցակում չեն ընդգրկվելԵվրոպայի չեմպիոն դարձած մեր ուշուիստները:

Ուշագրավն այն է, որ հանրապետության մարզական կայքերը չեն մասնակցել 2012 թվականի լավագույն մարզիկի քվեարկությանը, սակայն զուգահեռաբար հարցում են անցկացրել եւ նույնպես որոշել են լավագույնին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ոչնչիչ ծագած խնդիրը մեղմելու համար հանդես եկավ երեք առաջարկությամբ.

1. Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայում սկսել մարզական լրագրողների նոր հավատարմագրում, ովքեր էլ իրավունք կունենան մասնակցելու քվեարկությանը:

2. Նման իրավունք տալ այն լրագրողներին, ովքեր նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեն եւ տարվա ընթացքում 20-25 նյութ են հրապարակել հայկական սպորտի մասին:
3. Ստեղծել Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կայք եւ օնլայն եղանակով անցկացնել քվեարկությունը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը այդպես էլ չհարցրեց լրագրողներին, արդյոք համամիտ են իր առաջարկների հետ եւ արդյոք իրենք չունեն այլ առաջարկություններ: