Միջին բիզնեսն են վերացնո՞ւմ (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց այսօր բողոքում էին անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչներ: Աշխատողների պահանջը նույնն էր: Վերջիններս բողոքում էին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի դեմ, որը սահմանում է ամեն ամիս 60 հազար դրամ հարկ` յուրաքանչյուր աշխատողի համար:
«Ոչ մի գործարք չի լինում, երբ գնում ենք վարկ վերցնելու մեզ մերժում են` ասելով, որ մերը կայուն գործ չի, ուր մնաց մեր վրա դրել են կայուն 60 հազար ամսեկան մի աշխատողի արտոնագրված վճար, որը տենց չի կարելի անել»,- ասաց «Տների աշխարհ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Գարեգին Ալեքսանյանը:
Աշխատողները բողոքում են, որ, օրենքի կիրառման դեպքում, անշարժ գույքի ոլորտը կկանգնի բազմաթիվ խնդիրների առաջ, իսկ որոշ ընկերություններ հայտարարում են, որ կդադարեցնեն իրենց գործունեությունը կամ կկրճատվեն աշխատատեղերը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից միայն երկուսին հաջողվեց հանդիպել ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ և ներկայացնել իրենց խնդիրը:
Ըստ Ֆինանսների նախարարության մամլո ծառայության՝ համատեղ քննարկումների արդյունքում կողմերը փոխադարձ համաձայնության են եկել առ այն, որ հիմնավոր առաջարկների դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կքննարկի դրանք:
Մինչդեռ հանդիպումից հետո «Ար-Գո» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը մեզ տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ մենք մնացինք մեր տեսակետին, իսկ իրենք՝ իրենց: Բայց պայմանավորվել ենք սեղմ ժամկետներում բերել փաստաթղթեր մեր առաջարկների մասին, ցույց տալ, որ մենք ճիշտ ենք: Նպատակն այն է, որ մենք էլ չտուժենք պետությունն էլ»։
Ըստ Արայիկ Գոջաբաշյանի` նոր օրենքով սահմանված վճարների չափը չափից դուրս բարձր է և նպատակը միջին և մանր բիզնեսի ոչնչացումն է. «Անլուրջ է, մենք չենք կարող վճարել ու փորձելու են բոլորը գտնեն տարբերակներ դա չվճարելու համար, իսկ եթե նորմալ թիվ ընդունվի, տարանջատվեն աշխատողները, բոլորն էլ կվճարեն»: