Ակցիա Նախագահականի մոտ (տեսանյութ)
Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերը շարունակում են պայքարել իրենց բաժնետոմսերի տոկոսները ստանալու համար։
Նրանք 1995 թվականից բաժնետերեր են, սակայն մինչև օրս եկամուտ չեն ստացել:
Նրանք 2 անգամ իրենց պահանջները արտահայտող պաստառներով ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց:
Կառավարությունից նրանց պատասխանել էին,որ դիմեն դատարան:
Այսօր, նախագահական նստավայրի դիմաց նրանք հավաքվել էին արդարության հասնելու ակնկալիքով: Գործարանի երկարամյա աշխատակից Սերգեյ Ասատրյանը տեղեկացրեց,որ իրենց 3 ներկայացուցիչներին ներս են հրավիրել,ինչպես նաև պահանջել են, որ հավաքեն իրենց պաստառները:
Մոտ 40 րոպե հետո ակցիայի ներս հրավիրված աշխատակիցները հայտնեցին.«Մենք պարոն նախագահի աշխատակիցներին տեղեկացրին խոշոր չափի հափշտակության մասին,իսկ նրանք պատասխանեցին,որ դա իրենց իրավասություններից դուրս է: Եթե երկրի նախագահը չի կարող այս հարցին լուծում տալ,ապա ում դիմենք»:
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ« իրենց հաշվին հարստացող» տնօրենին` Կարեն Խաչատրյանին հովանավորում են երկրի առաջին դեմքերը:
Նախագահական նստավայրից դուրս գալուց հետո նրանք կրկին բացեցին իրենց պաստառները, չնայած մտահոգություն ունեին,որ կարող են իրենց կրկին արգելել:
Ակցիայի մասնակից Սաշա Բաղոյանը նշեց,որ կշարունակեն պայքարել իրենց գումարները ստանալու համար.« Ամբողջ կյանքս չեմ աշխատել,որ ուրիշները ուտեն,թոշակառու եմ ,դեղի փող չունեմ»:
Նախագահական նստավայրից նրանք երթով շարժվեցին ՀՀ դատախազություն: