Հյուպատոսը հուսահատեցրել է ամերիկահայերին
Հայկական կամերային երաժշտության փառատոնի անցկացումը ԱՄՆ-ում վտանգված է:
Հաղորդում է ամերիկյան "International Competitions and Festivals" -ի գործադիր տնօրեն Սթիվեն Դայերը։
Ըստ նրա՝ Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը զարմանալիորեն շատ տարօրինակ և անհասկանալի դիրքորոշում է որդեգրել այս նախագծի իրագործման վերաբերյալ:
Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ Ամերիկյան "International Competitions and Festivals" կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և նախարարության աջակցությամբ նախատեսում է 2013 թ ԱՄՆ-ում անցկացնել Հայկակլան կամերային երաժշտության փառատոն:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են Հայաստանյան հայտնի խմբերի և երաժիշտների մասնակցությունը, որի ընթացքում կատարվելու են հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մի մասը ԱՄՆ-ում կկատարվեն առաջին անգամ, ամերիկյան մի շարք մեծ քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:
Ըստ մամլո հաղորդագրության՝ "International Competitions and Festivals"- ղեկավարությունը 2012 թ հոկտեմբերից բազմիցս դիմել է Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Գրիգոր Հովհաննիսյանին վերոհիշյալ փառատոնին առնչվող կազմակերպչական տարբեր հարցերով. « Սակայն, զարմանալիորեն, այս ողջ ընթացքում, գլխավոր հյուպատոսի կողմից որևէ արձագանք չեղավ: Նույնիսկ համայնքի ոգևորված մի շարք ներկայացուցիչներին խրախուսելու փոխարեն իր կեցվածքով հուսահատեցնում է փառատոնի գաղափարով հետաքրքրված անձերին և հնարավոր հովանավորներին»:
Ինչպես հայտնի է ՝ԱՄՆ-ում Մշակույթի նախարարություն գոյություն չունի և նմանատիպ միջոցառումները կյանքի են կոչվում հովանավոր կազմակերպությունների և անձերի նվիրատվություններով:
«Շատ ցավալի կլինի, եթե նման ծավալուն և հեղինակավոր փառատոնը տեղի չունենա,- ասել է Սթիվեն Դայերը,-Չէ՞ որ Հայկական երաժշտության կամերային փառատոնի անցկացումը ոչ միայն աննախադեպ հնարավորություն է ընձեռում բարձր պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու Հայաստանի երաժշտական մշակույթը, այլև այն մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին դրական շատ կարևոր գործոն է հանդիսանում ԱՄՆ-ում ամրապնդելու Հայաստանի վարկանիշը»։