Ձեռք կբերեն նոր խմբաքանակ
ՀՀ կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և կենսաթոշակային բարեփոխման շրջանակում էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ` 20 հազար հատ, ձեռք բերելու նպատակով «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հատկացրել ավելի քան 90 մլն դրամ։ Ավելի վաղ ձեռք բերված 20 հազար սարքից 10 հազարն արդեն իրացվել է, սակայն պահանջարկը դեռևս մեծ է։
Մեկ ժամը 465 դրամ
Կառավարության երկու որոշմամբ սահմանվել է, որ փորձաքննության ծառայությունները ձեռք են բերվում ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, 2013 թվականին փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքն է 465 դրամ։
Օրենսդրորեն կկարգավորվի կուտակային վճարը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով ամբողջական և բավարար օրենսդրական դաշտ կապահովվի 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ և հետևողական իրականացման համար։
Տարկետում տրվեց
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բակալավրիատում սովորող Ավետիս Ղազարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2016 թ. գարնանային զորակոչը։