Մեզ պե՞տք էր «Նաիրիտ»
Աջակցիր «Ա1+»-ին
«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից
«Նաիրիտը» ուզում էինք փակել, երբ չկար հացի խնդիր, սակայն առաջացել էր էկոլոգիական աղետի նախադրյալ:
ՀԽՍՀ բնապահպանները գրություն գրության հետեւից էին ուղարկում կենտրոն, թե` «Նաիրիտի» շահագործումը շարունակելը պարզապես սպառնում է սերունդներին: Երեւանի բնապահպանության պատասխանատու Ռոմիկ Կոսեմյանի հավաստմամբ, արդյունաբերական հսկան այսօր հնարավորությունների մեկ քսաներորդի չափով էլ չի աշխատում, ուստի նրա արտանետումները առայժմ օդն ու բնությունը չեն փչացնում: Իսկ Առեւտրի եւ տնտեսական զարացման նախարար Կարեն Ճշմարիտյանը այս առնչությամբ հետաքրքիր տվյալ ներկայացրեց. «Եթե «Նաիրիտն» ամսեկան 780 տոննայից պակաս արտադրանք տա` վնասակար զոնա է (շահույթով չի աշխատում.- հեղ.), դրանից ավել պետք է լինի»:
Գործարանն աշխատեցնելու նպատակով տարիներ առաջ կառավարությունը հերթական «բավականին հաջող» գործարքներից մեկը կնքեց: Սկզբում «Նաիրիտը» վաճառվեց բրիտանական հնդկերենահունչ «Ռանսաթ» ընկերությանը, որը տնտեսության հայկական խաղի կանոններին այդպես էլ «չհարմարվելով», գործադիրին հրապարակայնորեն տարբեր բաներում մեղադրելով ու նրանից մեղադրվելով` այստեղից հեռացավ: Կենտրոնական բանկը, որը տնօրինում էր «Նաիրիտի» բաժնետոմսերի սեփականատեր «Հայկապ» բանկին, վերջերս ործարանը կրկնավաճառեց: Այս անամ Ռուսաստանի մի ընկերություն՝ «Տրաստ» բանկը տիրացավ հայկական գիգանտին: Ասում են, գույք պարտքի դիմաց չէ, փողի դիմաց է, սակայն «ապրանքի» գինը Կենտրոնական բանկի եւ առեւտրի նախարարության պատասխանատուները խուսափեցին հայտնել: Կարեն Ճշմարիտյանը գաղտնազերծեց ընդամենը հետեւյալը. «Նրանք առանձին ներդրումային ծրագիր պետք է ներկայացնեն: Պայմանագիրը կնքելիս ասել են ընդհանուր առմամբ` ներդրումների չափը, բայց դետալացված ծրագիր եթե լինի, այն ժամանակ կներկայացնեն, երեւի: Առայժմ` գինն ու ներդրումների ծավալը համարում են առեւտրային գաղտնիք»: Օրերս էլ Երեւանում էր «Վոլաբուռմաշ»-ի տնօրենների խորհրդի նախագահը` «Նաիրիտ»-ի գործարքն ավարտին հասցնելու առաքելությամբ:
Ինչ է կատարվում «Նաիրիտ»-ում. աշխատում է-չի աշխատում: Աշխատավարձի պարտքի մարումը, նախարարի հավաստմամբ, գոնե ընթացքի մեջ է, դրա համար աշխատողներն այլեւս չեն բողոքում: Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն էլ «հսկայի» վերաբերյալ նպատակահարմար գտավ ընդամենը փոխանցել, որ արտադրական պրոֆիլը չի փոխվելու, այս պահին արտադրում են աղեր, թթուներ, աղաթթուներ: Ձեռնարկությունն այժմ կոչվում է «Նաիրիտ-Տրաստ»: Դա ամբողջ հսկան չէ, կա նաեւ «Նաիրիտ-2», որը պետական գիտահետազոտական ինստիտուտ է, եւ լուծարվող «Նաիրիտ»: Այնպես որ, 340 հեկտար տարածքը միայն ռուսի ընկերությունը չի զբաղեցնում: Իսկ հնարավո՞ր է խորհրդային տարիներին շռայլորեն զբաղեցված հողը օպտիմալացվի` հարցին Ճշմարիտյանը պատասխանեց. «Հողի հարկի եւ գույքահարկի ավելանալու դեպքում դա չի բացառվում»:
Չի բացառվում, որ «Նաիրիտ-Տրաստը» ձգտի վերականգնել արտադրական նախկին հզորությունը: Դարձյալ առաջ կգա էկոլոգիական խնդիրը` առավել սուր: «Վոլաբուռմաշ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Իշչուկի հաղորդած տեղեկություններից միակ ուշագրավն այն էր, որ ներդրողը պատրաստվում է տարեկան 25 հազար տոննա քլորոպրեն արտադրել: «Նաիրիտը» քիմիական գործարան է, իսկ նրա արտանետումներից ամենավտանգավորը, Երեւանի գլխավոր բնապահպանի հավասմամբ, հենց քլորոպրենինն է: Այնպես որ, եթե «Վոլաբուռմաշին» նույնիսկ հաջողվի մի քնի տարի Հայաստանում աշխատել, միեւնույն է` դարձյալ կարող է վերսկսվել 16 տարի առաջվա շարժման պահանջ-լոզուններից մեկի վանկարկումը` «փակեք «Նաիրիտը»: Գիտաարդյունաբերական նորանոր տեխնալոգիաների կիրառման համաշխարհային զարացումների համապատկերում «հսկան» Խորհրդային Միության կոնստրուկցիաներով եւ արտանետումների ֆիլտրացման հնացած մեթոդով է աշխատում: Տնօրենն ասում է` մենք բնապահպանական նորմերը չենք խախտում, իսկ թե որ թվի նորմեր են նրանց համար գործում անապատացող Երեւանում` դժվարանում է պատասխանել: Շատ խորհրդավոր «Նաիրիտ» է երեւում: Զարմանալի տրամաբանությամբ, բոլոր պատասխանատուները մութ են պահում ամեն բան, ինչ վերաբերում է գործարքին եւ ճակատարին։ Ոչ ոք չի ուզում պատասխանել՝ պե՞տք է մեզ «Նաիրիտը», թե՞ ոչ։ Եվ բացել-փակելու, բերել-լարելու խաղեր տալով՝ հայաստանյան իշխանությունը որեւէ կոնկրետ եւ հասկանալի նպատակ հետապնդո՞ւմ է, թե՞ սա էլ ընդամենը քոչարյանախմբի վարած արտաքին քաղաքականության տեսակի ներքին դրսեւորում է։
ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ