Արցախի հարստությունը չե՞ն «գողանա»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին: Այս մասին փոխանցում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը։
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, երկրաբանահետախուզական եւ լեռնահանքային ձեռնարկությունների ղեկավարները եւ պատասխանատու աշխատողներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության ամենաերիտասարդ, բայց ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է, որն ունի խոստումնալից հնարավորություններ` դառնալու տնտեսության շարժիչ ուժն ու զբաղվածության կարեւոր աղբյուրներից մեկը եւ արդեն իսկ ապահովում է արդյունաբերական արտադրանքի ու պետական բյուջեի ընդհանուր մուտքերի պատկառելի մասը:
Ըստ երկրի ղեկավարի, վերջին տարիներին բավականին աճել են ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների ծավալները` ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի հաշվին՝ կարեւոր համարելով ոլորտում մենաշնորհային դրսեւորումների բացակայությունը, ինչը խթանում է առողջ մրցակցությունը եւ տնտեսության դինամիկ զարգացումը:
Նախագահը հատուկ ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ: Երկրի ղեկավարը շեշտել է, որ եւ ընդերքը, եւ բնությունը Արցախի հարստությունն են, եւ մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա միջավայր եւ դինամիկ զարգացող տնտեսություն:
Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաեւ ոլորտում առկա խնդիրներին ու անելիքներին եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչներ, անվանի մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից, պաշտոնատար այլ անձինք: