Հաղթանակ, պարտություններ, ծեծկռտուք
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերը հերթական ստուգողական խաղերն անցկացրին:
Ինչպես տեղեկացնում է «Միկա» ակումբի կայքը, թիմը Կիպրոսում անցկացրած առաջին խաղում 0:3 հաշվով պարտվել է Ռուսատանի 1-ին խմբի ներկայացուցիչ «Ուֆային»:
Անթալիայում ուսհավաք անցկացնող Երեւանի «Ուլիսը» ստուգողական խաղում հաղթել է մոլդովական «Միլսանի» թիմին` 1:0: Կապանի «Գանձասարը», որը նույնպես մարզվում է Թուրքիայում, 0:2 հաշվով զիջել է ղազախական «Վոստոկին»:
Վրաստանում գտնվող Երեւանի «Արարատը» ստուգողական երկրորդ խաղում ուժերը չափել է տեղի «Մերանիի» հետ: Ըստ մեր աղբյուրների հանդիպումն անավարտ է մնացել, քանի որ 70-րդ րոպեին ծեծկռտուք է սկսվել ֆուտբոլիստների միջեւ, սակայն «Արարատ» ակումբից այդպես էլ չհաջողվեց լրացուցիչ ինֆորմացիա ստանալ այդ մասին:
Այսօր իր առաջին խաղը կանցկացնի Դիլիջանի «Իմպուլսը», որը Կիպրոսում կմրցի Բուլղարիայի ուժեղագույն թիմերից մեկի` «Լեւսկիի» հետ: Երեւանի «Բանանցը» կփորձի ռեւանշի հասնել «Միկայի» փոխարեն, քանի որ մրցելու է նույն ռուսական «Ուֆայի» հետ: