Կրկին կբաժանվի ցորենի էլիտար սերմացու
«Անցած ձմեռվա ձյան ցուցանիշը բերքառատ տարի է խոստանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ագրարա-գյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ պարոն Բերբերյանի՝ արդեն 5 օրից գյուղացիները կարող են սկսել աշխատանքները դաշտերում և այգիներում:
Պտղաբուծության ոլորտում վտանգավոր կարող է լինել միայն ապրիլյան ցուրտը. պարոն Բերբերյանը խորհուրդ է տալիս գյուղացիներին աչալուրջ լինել և ծխահարումների միջոցով չեզոքացնել վտանգը:
Բանախոսը տեղեկացրեց,որ այս տարի ևս կառավարությունը շուկայականից ցածր գնով պարարտանյութ և դիզվառելիք կտրամադիր գյուղացիներին: Մեկ պարկ պարարտանյութը չի գերազանցի 6000 դրամը,իսկ դիզվառելիքի մեկ լիտրը 350 դրամը:
Սեմնացանը գյուղատնտեսության կարևոր ծրագրերից է, սակայն անցած տարի կառավարության կողմից փոխառության պայմանագրով գյուղացուն տրված էլիտար ցորենը բերքատվություն չի ապահովել:
Պարոն Բերբերյանը վստահեցնում է,որ դրանում մեղավոր պետական չինովնիկները կպատժվեն.« Մենք հետևողական ենք լինելու այդ գործում,որ մեղավորները պատժվեն, որովհետև շուրջ 168 ֆերմերներ ծանր վիճակում են հայտնվել և սա դեռ հստակ տվյալ չէ, դրանք հաստատ մի քանի անգամ ավելի շատ են»:
Սակայն, որոշակի մասնագիտական խմբի կողմից սերմը փորձաքննության ենթարկելուց հետո գյուղացիներին կրկին կբաժանվի էլիտար սերմացու:Հրաչ Բերբերյանը դա շատ կարևոր ծրագիր է համարում.«Սերմաթարմացումը գյուղատնտեսությունում անհրաժեշտ գյուղատնտեսական ատրիբուտ է»:
Գյոււղատնտեսը կարծում է,որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման լուրջ հնարավորություններ կարող են ընձեռվել ռեֆորմների միջոցով.« Առաջնահերթ ռեֆորմի պետք է ենթարկվի ոռոգման ցանցը, քանի որ բազմաթիվ գյուղերում հենց ջրի պատճառով է բերքի կորուստ լինում»: