Շարմազանովը հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին։
Այն հարցին, թե Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար ինչ սկզբունքներ են կարեւոր, ԱԺ փոխնախագահը ասել է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն ինքը պետք է տնօրինի եւ ինքն էլ որոշի, թե ինչպես է ուզում ապրել:
Երկրորդ կարեւոր հարցն այն է, որ Արցախը պետք է բանակցային կողմ ճանաչվի, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առաջին սկզբունքը, երրորդ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռասիստական քաղաքականությունը, սթափ գնահատի ստեղծված իրավիճակը եւ իրատես լինի, ինչի համար միջազգային հանրությունն ավելի հետեւողական պետք է լինի:
Այնինչ Ադրբեջանը շարունակում է կառչել տարածքային ամբողջականության սկզբունքից՝ անտեսելով Արցախի ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ հայ ժողովուրդը այսքան միասնական չի եղել ազգային նպատակների իրագործման հարցում, որը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ:
«Այս ճանապարհին մենք իրավունք չունենք արկածախնդրության դիմելու,-ասաց ԱԺ փոխնախագահը,-ներկա պահին Արցախի միակողմանի ճանաչումը, ինչը այսօր պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փակուղի կարող է տանել: Ես անընդունելի եմ համարում այս խնդրի շահարկումը, բայց եւ կտրականապես դեմ եմ արցախյան խնդրի անվան տակ երկրի ներսում առկա թերությունները կոծկելուն: Ներքին քաղաքականության մեջ կարող են անհամաձայնություններ լինել, բայց արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես արցախյան խնդրում իշխանություններն ու ընդդիմությունը պարտավոր են միասնաբար գործել»:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե «կամ, կամ», այլ «եւ, եւ» սկզբունքով՝ հիմքում դնելով ազգային-պետական շահը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք, եւ մեր պետական շահից ելնելով՝ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ եւ թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ի պատասխան ուսանողների այն հարցին, թե Իրանի նկատմամբ արեւմուտքի պատժամիջոցները չեն վնասում արդյոք հայ-իրանական հարաբերություններին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է որդեգրել նաեւ այս հարաբերություններում: Նրա գնահատմամբ՝ Իրանը մեր երկրի կարեւոր գործընկեր հարեւաններից մեկն է, եւ Հայաստանը նրա հետ տարածաշրջանային, ինչպես նաեւ տնտեսական լուրջ շահեր ունի եւ շահագրգռված է խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ: