Նամակ վարչապետին. Երբ կբացվի Carrefour-ը
Հայ-ֆրանսիական Գործարարության Ակումբի նամակը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Պարոն Տիգրան Սարգսյանին.
« Հարգելի Պարոն Վարչապետ,
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաև Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին :
Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնել անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը :
2012թ-ի դեկտեմբեր ամսից մեր Ակումբի անդամ է նաև « Carrefour Armenia» ընկերությունը :
Վստահ ենք, որ « Carrefour »-ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից : Այդ իսկ պատճառով Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում :
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության և հայ ժողովրդի :
Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում « Carrefour » ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի համար »:
Ջերմագին ողջույնով`
Արման Փինարբասի
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի Նախագահ