«Ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորումը կլինի կործանարար»
Մեր զրուցակիցն է ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որի հետ զրույցի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության համակարգում հնարավոր համակարգային փոփոխություններն են:
-Պարոն Աբրահամյան, այսօր խոսակցություններ են շրջանառվում, որ կրկին փորձ է արվում Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին միավորելու: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հնարավոր փոփոխությանը:
-Պարբերաբար ՆԳ նախարարության կամ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայությունների շուրջ, եթե հաշվի առնենք նաեւ Խորհրդային Միությունը, նման ծառայությունների միացումն ու տարանջատումը օրակարգային խնդիրներ են եղել' ցավոք սրտի հիմնականում որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու առումով: Որովհետեւ Ոստիկանության եւ ԱԱ համակարգի գործառույթները լրիվ տարբեր են, մենք նաեւ ունենք Խորհրդային Միության դառը փորձը, երբ նման կարգի միացումները երկիրն ինչի վերածեցին: Այսօր նորից այդ հարցին անդրադառնալը համարում եմ սխալ: Չի կարելի մի մարդու ղեկավարման ներքո այդքան ինֆորմացիա պարունակող համակարգեր դնել, վերջին հաշվով յուրաքանչյուր ծառայության գործունեություն պայմանավորված է որոշակի ինֆորմացիայի տիրապետումով: Նույնիսկ ամենաբարի, ոչ ագրեսիվ մարդու կողմից այդքան ինֆորմացիայի տիրապետումն այդ մարդուն դարձնում է անկառավարելի:
-Իսկ Ոստիկանության համար ո՞րն է ճիշտ՝ նախարարության կարգավիճակը, թե" վարչություն:
-Այդ ծառայությունները Քոչարյանի օրոք դարձվեցին վարչություններ, դրանք ոչ թե ի շահ գործի, կամ հանրության, ի շահ հանցագործության դեմ արդյունավետ պայքարի արվեցին, այլ զուտ քաղաքական նպատակներով: Պետության համար այդ երկու կարեւոր ծառայությունները Քոչարյանը հասարակական եւ խորհրդարանական հսկաղությունից լրիվ հանեց եւ իր տակ դրեց: Այսօր ոչ կառավարությունը, ոչ ԱԺ-ը ոչ մի լծակ չունեն այդ ծառայությունների վրա վերահսկողություն իրականացնելու առումով: Նույնիսկ ամենաանշան հարցուպատասխանի ժամանակ ներկայնալուց եւ հասարակական քաղաքական դաշտում առկա հարցերին պատասխանելու իրավունքից են զրկել: Նույնիսկ վարչապետը ոչ մի ռեալ լծակ չունի նրանց նկատմամբ վերակսկողություն իրականացնելու: Դա շատ սխալ է, որովհետեւ այդ կարգավիճակում այս կառույցները կարող են ցանկացած պահի վերածվել քաղաքական մտրակի:
-Իսկ հիմա գո՞ւցե Սերժ Սարգսյանը փորձում է Ռոբերտ Քոչարյանի սխալը ուղղել:
-Սխալը ուղղելու առումով կարող է այլ ձեւեր մտածել, բայց այդ երկու ծառայություններն իրար միացնելը հղի է բավականին ծանր հետեւանքներով: Ոչ մի նորմալ պետություն չի կարող գնալ այդ ճանապարհով: Այսօր չէ, վաղը շատ բարդ խնդիրներ կարող են ծառանալ երկրի առջեւ: Դա կոպիտ սխալ է: Իսկ եթե ուզում են հասարակական կամ պառլամենտական վերահսկողություն սահմանելու նպատակով միավորել, ապա կարող են ուղղակի կարգավիճակը բարձրացնել:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այսօր Ոստիկանության աշխատանքը:
-Ես համոզված եմ, որ եթե նրանց առջեւ այլ խնդիրներ չդնի քաղաքական իշխանությունը, ապա ոստիկանությունն ի զորում է հանցագործության դեմ նորմալ պայքարելու: Այն բավականին լավ արդյունքների կհասնի, եթե իր առջեւ քաղաքական խնդիրներ չդրվեն, իսկ այդ խնդիրները դրվում են այն ժամանակ, երբ լինում եմ քաղաքական սրացումներ' կապված ընտրությունների հետ: Այնպես որ' տվյալ պարագայում նրանց լավ, կամ վատ աշխատելը պայմանավորված է նրանով, թե ինչ խնդիրներ են դրվում իրենց առջեւ:
-Ոստիկանությունն աշխատում է ավելի լավ այսօր, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանությա՞ն ժամանակ:
-Ամեն ինչ համեմատության մեջ է գնահատվում: Անկախ նրանից, թե Վովա Գասպարյանի նկատմամբ ինչ վերաբերմունք կա, մեղք կլինի նրան Հայկ Հարությունյանի հետ համեմատելը: Ուղղակի մեղք գործած կլինեմ Գասպարյան Վովայի նկատմամբ:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը