Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը՝ փրկարար օգնություն արտահանող երկիր

Պաշտոնական
d356d79f5a53cfe481445ba1ee9cd9bd

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքի վրա մինչև տարեվերջ պետք է կառուցվի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ այդ կենտրոնի հիմնման հնարավորությունները։ Ներկաները հնարավորություն ունեցան իջնել նույն տարածքում գտնվող ստորգետնյա կառավարման կետ, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար։ Արթուր Բաղդասարյանը կարևորեց կենտրոնի ստեղծումը՝ նշելով. <<Այս տարածքում կկառուցվի հայ-ռուսական հզոր ենթակառուցվածք արտակարգ իրավիճակների ոլորտում: Այն կունենա տարածաշրջանային նշանակության։ Արդեն իսկ Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների տարեկան պլանի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը մշակված են, ստորագրված է համապատասխան փաստաթուղթ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև: Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելումը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումը։ Մենք կարծում ենք, որ այս կենտրոնի ստեղծմամբ, Հայաստանն, իսկապես, փրկարար օգնություն արտահանող երկիր կդառնա»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով շուտով ՀՀ ԱԻՆ-ին կհատկացվի նաև Ստեփանավանի օդանավակայանը: Այդ ենթակառուցվածքը ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:

Արմեն Երիցյանի խոսքով հայ-ռուսական կենտրոնը լինելու է տարածաշրջանում եզակին: Այն վերազինվելու է ժամանակակից տեխնիկայով: Նախատեսված է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել կենտրոնի աշխատանքները:

Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայություն