Երբ գործի է դրվեց իրավաբանի երեւակայությունը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Հարգելի իրավաբաններ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել որոշ կեղծված դատավարական փաստաթղթերով և այդ փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության արտահայտած դիրքորոշմամբ» վերտառությամբ նյութ՝ առաջին հայացքից խառը պատմություն թվացող մի ողբերգական իրադրության մասին, որը հերթական անգամ հիմք է հանդիսանում հասարակության մեջ արդարադատության նկատմամբ անվստահության ձևավորմանը, սակայն ինչպես օգտատերն է մեկնաբանում «Բայց սա այդ դեպքը չի: Այտեղ դատական համակարգը բացարձակ կապ չունի: Այստեղ «ստեղծագործ իրավաբանի» երևակայությունն է գործի դրվել»:
Ներկայացնենք պատմությունն ամբողջությամբ.
Անձը քաղաքացիական հարթությունում զրկվել է տնից, դիմել է իրավաբանի օգնությանը՝ հանձինս Վարդան Աշոտի Մախմուրյանի, վերջինս, խոստանալով բնակարանը սեփականության իրավունքով վերադարձնել իրեն, ստանձնել է ներկայացուցչի պարտավորությունները:
Տարբեր ատյաններում մասնակցելու, փաստաթղթեր ձեռք բերելու և ամեն հնարավորը անելու համար որպես ներկայացուցիչ հանդես եկող Վարդան Մախմուդյանը պահանջել և ստացել է 2.500 ԱՄՆ դոլար և 300 եվրո գումար:
Հաջողության չհասնելով՝ ներկայացուցիչը վճռաբեկ բողոք տանելու և Վճռաբեկ դատարանի կողմից այն վարույթ ընդունելու համար պահանջել և ստացել է 5.000 ԱՄՆ դոլար:
Սակայն, քանի որ իրականում վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել, դիմումատուի շահերի ներկայացուցիչը կեղծել է վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը և կից գրությունը՝ ներկայացնելով իբրև թե Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ է ընդունվել և նշանակված է դատական նիստ:
Վստահորդը պատահաբար զանգահարել է Վճռաբեկ դատարան և տեղեկացել, որ դեռևս 2012 թվականի մարտ ամսին վճռաբեկ բողոքը վերադարձվել է և վարույթ չի ընդունվել:
Ինչ են հետևում այս դեպքերին.
Հնարավոր իրադրություն, որ ենթադրում էր պատժելիություն. Քաղաքացին դիմում է համապատասխան մարմիններին՝ քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատժելու համար, որին հետևում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ա. Մաթևոսյանի որոշումը՝ 29.03.2012 թվագրությամբ:
Որտեղ քննիչը, մանրամասն նկարագրելով խարդախության հանցակազմը, շարադրելով մեղադրանքը իր բոլոր տարրերով, վերջում անակնկալ հանգում է հետևության, որ խարդախության հանցակազմ առկա չէ, քանի որ Վ. Մախմուրյանը նախապես դիտավորություն չի ունեցել կատարելու, չի ցանկացել Լ. Վարդանյանի գույքին տիրանալու:
Իսկ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի անունից կեղծված փաստաթղթերին՝ հանգել է հետևության, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ չի հանդիսանում, և իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել, հետևաբար առկա չէ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով սահմանված հանցակազմ:
Համաձայն նույն օգտատերի գրած մեկնաբանությունների, դատախազը տուժողին բանավոր հայտնել է իր դիրքորոշումը, ու.... «ոչ մի դրական բան ասել չեմ կարող»:
Ավելին, դատախազը քաղաքացուն լրացուցիչ անձամբ կանչել և զգուշացրել է, որ քննիչը ամեն բան արել է օրենքի շրջանակներում:
Նույն հրապարակման շրջանակներում արձագանքել է փաստաբան Սամվել Ջաղինյանը՝ պատրաստակամություն հայտնելով քննիչի որոշումը դատական կարգով բողոքարկելու և խախտված իրավունքների պաշտպանությանը մասնակցություն ցուցաբերելու համար: