Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիարբեքիրի պատվիրակությունը Երեւանում է

Պաշտոնական
eee71dc795536ab82ba97b035d9090ce

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, Կամո Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:

<<Երևանը տարբեր մակարդակներում բազմաթիվ կապեր ունի աշխարհի մի շարք պետությունների քաղաքների հետ: Մենք ուրախ ենք Երևանում Ձեզ հյուրընկալելու համար և կարծում եմ, որ մշակութային երկխոսությունը կարող է նաև այլ ոլորտներում համագործակցելու լավ ազդակ հանդիսանալ>> ,- նշել է Կամո Արեյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկն էլ իր հերթին նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական և տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ վերջերս էլ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
<<Մենք հայերին միշտ էլ վերաբերել ենք որպես բարեկամ ժողովրդի և վստահ ենք, որ մեր շփումները կարող են լավ հեռանկար ունենալ:>> - նշել է Հեֆիզա Իպեկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն