Նվագախումբը համալրվել է նոր երաժիշտներով
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ամփոփել է փողային և հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Մրցույթի մասնակիցները կատարել են մեկ մեծ ծավալի ստեղծագործություն և մեկ ընթերցում թերթից: Հեղինակավոր մասնագետների կողմից ընտրված 18 երիտասարդ երաժիշտները կհամալրեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմը։
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իրենց նպատակը երիտասարդներից կազմված լիակազմ սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելն է, և ըստ նրա՝ մրցույթը երաժիշտների ընտրության լավագույն ձևն է։
Ընտրությունը, Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ, բավականին դժվար էր, քանի որ մրցույթի հայտ ներկայացրած գրեթե բոլոր երաժիշտներն էլ աչքի էին ընկնում բավականին բարձր պրոֆեսիոնալիզմով։
Հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը։