Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածք՝ Նունե Եսայանին

Պաշտոնական
57e055f2b4b7be871ea984946e4e0d57

Կառավարության որոշմամբ Երևանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 507.4 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին։ Կազմակերպությունը մտադիր է նշված տարածքում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացի անվճար խմբակներ։ Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամռան արձակուրդը ճամբարներում անցկացնելու հնարավորություն։

Տարա արտադրողին՝ արտոնություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. ապրիլի 5-ը։ Ընկերությունը շշի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա` տարայի արտադրություն կազմակերպելու և ընկերությանը տրամադրելու համար։ Այժմ տարան արտադրվում է Հայաստանում, բայց մատակարարման ընդհատումը բացառելու նպատակով ընկերությունը խնդրում է ևս մեկ տարով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների մաքսային ռեժիմը։

Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է Հայաստանում արտադրվող ապակյա տարայի որակով` վկայակոչելով որոշ վերամշակող ձեռնարկությունների այն կարծիքը, թե մեզանում արտադրվող տարայի մի քանի տեսակ դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Խնդիրն իրոք հրատապ է, բայց տարա թողարկող ընկերություններն իրենց հերթին միջոցներ են ձեռնարկում, որպեսզի բավարարեն որակյալ տարայի պահանջարկը։

Փոփոխություն

Ծխախոտի արտադրության, շուկայահանման, վաճառքի իրավական հիմքերը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` հիմք ընդունելով ոլորտի կանոնակարգման նոր օրենսդրության պահանջները, որոնք համահունչ են ԱՏԽ դրույթներին և դրանց մոտարկմանը Եվրամիության օրենսդրությանը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջը։

Ծրագրային ցուցանիշների համար


Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2013 թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունն ընդունել է «Կանազ» և «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ների պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերություններին պատկանող գույքը և կարգավորել գանձապետական ձևակերպման հարցերը։ Որոշման ընդունմամբ ՀՀ 2013 թ. պետբյուջեի եկամտի և ծախսի տարեկան ծրագրային ցուցանիշներն ավելանում են 986.8 մլն դրամի չափով։