Նստացույց են հայտարարել (տեսանյութ)
33 թաղամասի բնակիչները այսօր այցելել են «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերություն եւ որոշել այլեւս դուրս չգալ այնտեղից:
Նրանք նստացույց են հայտարարել, որը կտեւի այնքան, մինչեւ կառուցապատող ընկերությունը չփոխհատուցի 6 տարի առաջ իրենցից վերցրած տների դիմաց:
«Քառակուսի մետրը 2000 դոլար փոխհատուցում, կամ եթե դրան էլ համաձայն չեն, թող բնակարան գնեն ինձ տան կենտրոնից»,-ասում է 33 թաղամասի նախկին բնակիչ Զարիկ Ստեփանյանը:
Շուրջ 26 ընտանիքի կառուցապատող ընկերությունը այսօր բնակարաններ է առաջարկել գինու գործարանի մերձակայքում կառուցվող երեք շենքերում:
Առաջարկ արվել է փոխհատուցում չստացած 80 ընտանիքներից միայն 25-ին, որոնց պայմանագրերի ժամկետը արդեն մոտենում է ավարտին:
«Առաջարկել են գինու գործարանի մոտ: Ինչքան հատված ունեի, որ պետք է ստանայի «Կինո Երեւանի» տարածքում՝ կենտրոնում, նույն տարածքով տալիս են այնտեղ, բայց ես համաձայն չեմ ընտեղ ապրելու»,-ասում է բնակիչ Վարազդատ Գրիգորյանը:
«Ինձ կոնկրետ առաջարկել են 6 ամիս, բայց ես ի վիճակի չեմ 6 ամիս համբերելու, սպասելու, նորից խաբվելու: Ներկա պահին կամ ինձ բնակարան թող առնեն տան կենտրոնում, կամ էլ փոխհատուցումը»,-ասում է բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը:
Փոխհատուցում ասելով՝ բնակիչներն ու կառուցապատող ընկերությունը բոլորովին տարբեր բաներ են հասկանում:
«Ես առաջարկեցի իրենց կրկնակի տվեք, որ ես ել վաճառեմ, գամ կենտրոնում տուն առնեմ, ես առաջարկեցի, որ 2000 դոլարով հաշվեն տան իմ քառակուսին, ես դուրս գամ, էդ էլ չհամաձայնվեցին: Առաջարկեցի, որ գան իմ տունը ոնց քանդել են, պատրաստեն տան ինձի, դա էլ չեն համաձայնվում»,-ասում է Վարազդատ Գրիգորյանը:
«Պահանջները վերջին հաշվով պետք է համապատասխանեն ընկերության հնարավորություններին, խնդրում ենք ուղղակի բնակիչներին, մի փոքր փոխզիջումային առաջարկները ընդունվեր իրենց կողմից»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը
Դրամական փոխահատուցման հարցը, ըստ «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների, դեռեւս քննարկվում է: Իսկ այսօր կարող են խոսել միայն գինու գործարանի մոտ բնակարաններ տալու մասին, որը չի բավարարում բնակիչներին: