Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք` հանուն Լենինի

Հասարակություն
e32c2ceb512ec7f8bd17ded7412e9da1

Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին «Ա1+»-ը ներկայացնում է պատառիկներ Երեւանի պատմությունից։

1940թ. նոյեմբերի 24-ին Լենինի անվան հրապարակում տեղադրվեց հեղափոխության առաջնորդի hուշարձանը: Նախ` հրապարակի մասին. 1924թ. հունվարի 27-ին Լենինի մահվան առիթով կայացած միտինգում ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինն է հրապարակվում ՀԽՍՀ կառավարության որոշումը` Երևանի քաղաքային այգու մոտ կառուցվող հրապարակը Լենինի անունով կոչելու մասին: 1937-ին Հայաստանի ժողկոմխորհի նախագահի աթոռը զբաղեցրած Արամ Փիրուզյանը, Մոսկվայում իր համերկրացի Անաստաս Միկոյանի հետ զրույցի ժամանակ պատմում է Երևանում թափ առած շինարարության մասին, առանձնացնելով Լենինի անունը կրող շքեղ հրապարակը: Միկոյանը, որ ուշադիր լսում էր Փիրուզյանին հարցնում է, թե ինչու± Երևանում Լենինի անունը կրող հրապարակ բացվել է, իսկ նրա արձանը չկա և խորհուրդ է տալիս նամակով դիմել Ստալինին: Այն ժամանակ նման հարցերը լուծում էր միմիայն Ստալինը: Նամակում Փիրուզյանը խնդրում էր միայն թույլատրություն, իսկ միջոցներ կհայթայթվեին Հայաստանում: Երկու օրից Ստալինից ստացվեց դրական պատասխան և հատուկ հանձնարարական: Անհապաղ մրցույթ է հայտարարվում, ուր հաղթող է ճանաչվում ճարտարապետներ Փարեզումովայի և Վարդանովայի աշխատանքը: Նախագիծը սիրով իրականացնել է ստանձնում անվանի քանդակագործ, ծագումով գյումրեցի Սերգեյ Մերկուրովը:

Ալավերդուց մինչև Ուրալ

Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանից 4 տոննա կարմիր շերտավոր պղինձ է բերվում, պատվանդանի համար` հղկված գրանիտ, իսկ վրայի դրոշի համար նախատեսված նռնագույն գրանիտը` Ուրալից էր: Գեղարվեստական, ճարտարապետական առումով հուշարձանը բարձրարժեք էր և ժամանակին, ասում են, լավագույնն էր ողջ Խորհրդային Միությունում Լենինի անթիվ, անհամար հուշարձանների շարքում: Նախատեսված էր բացումը հանդիսավորապես կատարել Հայաստանի խորհրդայնացման 20-ամյակի օրը, մանավանդ, որ լինելու էր շքերթ, մեծ տոնակատարություն: Ենթադրվում է սցենարը` ընդունված կարգի համաձայն` աշխատավորության միտինգ, ճառեր, ծափեր, ծաղիկներ, պատվո պահակ...Նոյեմբերի 24-ին հրապարակն, անշուշտ, մարդաշատ էր. բանվոր-դասակարգը եկել էր իր արտադրանքի նմուշներով, գյուղացին` աճեցրած միրգ-բանջարեղենով, ներկա էին Հայաստանի պետական այրերը, մշակույթի գործիչները, բազմաթիվ հյուրեր տարբեր հանրապետություններից:

Լենինը` երկրորդ պլանում

"Կեցցե հայ ժողովրդի ազատարար մեծ Ստալինը", "Հայրենիքի համար, Ստալինի համար", "Ջերմագին ողջույն մեր առաջնորդ ընկեր Ստալինին" լոզունգ-պաստառները ձգված էին Լենինի հրապարակի ողջ երկայնքով, և ինչպես գրում էր "Սովետական Հայաստանը", "...դրոշների հուրհրան անտառի մեջ բարձրանում է հարազատ պատկերը մեծ Ստալինի` հայացքն արծվային, ձեռքն առաջ, դեպի գալիք մեկնած":
Նույնատիպ ոճի մեջ էին այդ օրվա բոլոր ճառերը, ելույթներն ու աշխատավորական երթերը, որպեսզի ընկեր Ստալինը չվիրավորվի Լենինի հանդեպ ցուցաբերված ուշադրությունից:

Կուռքերի ապամոնտաժումը

Ավելի քան կես դար մայրաքաղաքի կենտրոնում բնակություն հաստատած հեղափոխության առաջնորդից ազատվելու որոշում Երևանի քաղխորհուրդը կայացրեց 1990թ: Նախ նոյեմբերի 1-ի որոշմամբ Լենինի հրապարակն անվանափոխվեց Հանրապետության, պողոտան` Մաշտոցի անվամբ: Արձանն ապամոնտաժվեց 1991-ի ապրիլին, իսկ հրաշալի պատվանդանը, որի շուրջ երկար բանավեճեր էին ընթանում, ավելի ուշ: Անկախացումից անմիջապես հետո պարտադրաբար նրա անունը կրող շատ ձեռնարկություններ, կազմակերպություններ ազատվեցին այդ ծանր բեռից: