Բնակիչները հանդիպեցին Հովիկ Աբրահամյանին
Ողջ գիշեր «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունում նստացույց անելուց հետո 33 թաղամասի բնակիչները վաղ առավոտյան շարժվել են Ազգային ժողով:
2007-ից իրենց կորցրած տների դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով նրանք հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Պարոն Աբրահամյանը մեզ խոստացավ կապ հաստատել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության սեփականատեր Վահե Յակուբյանի հետ եւ օր նշանակել միասին բանակցություններ անցկացնելու համար»,-ասում է 33 թաղամասի նախկին բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը:
Հանդիպումից հետո բնակիչները ետ վերադարձան կրկին «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» կառուցապատող ընկերության գրասենյակ: Հենց այս ընկերությունն է, որ 6 տարի առաջ վերցրել է բնակիչների տները եւ խոստացել նորակառույցներում բնակարաններ տրամադրել:
Մինչ օրս շուրջ 80 ընտանիք փոխհատուցում չի ստացել, իսկ ընկերության առաջարկը՝ գինու գործարանի մոտ բնակարան ստանալու համար, այժմ չի բավարարում բնակիչների մեծամասնությանը:
«Դեռ անորոշ վիճակ է, ոչ մի ժամկետի մաին հստակ Հովիկ Աբրահամյանը չխոսեց: Մինչեւ վաղը եթե պատասխան չեղավ հանդիպաման համար, մենք երկուշաբթի նորից բնակիչներով գալու ենք Սիթի Սենթր Դիվելոփմենթ»,-ասում է Անդրանիկ Գրիգորյանը: