Գյուղատնտեսական շուկան մտնում է վիրտուալ դաշտ (տեսանյութ)
Գյուղատնտեսական շուկան տեղափոխվում է վիրտուալ դաշտ:Սա նշանակում է, որ գյուղացին, ֆերմերը իրենց ապրանքը վաճառելու համար ոչ թե կհասնեն մայրաքաղաք կամ միջնորդի միջոցով կվաճառեն այն, այլ ինտերնետի և SMS հաղորդագրությունների; Հատուկ գյուղատնտեսական շուկայի համար ստեղծվել է Eagro.am կայք:
«Ունենք վիրտուալ տարածք, որտեղ մարդիկ գրանցվում են: Գրանցվում եմ մի կողմից գյուղ մթերքի վաճառողները, մյուս կողմից գնորդները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ է վաճառվում Հայաստանում»,- «Ա1+»-ին ասաց Eagro.am ծրագրի համակարգող Անի Մանուկյանը:
Այսինքն՝ գյուղացին կայքի իր էջում գրում է, թե ինչ ապրանք է վաճառում, դրա գինն ու որակը: Գնորդն էլ իր հերթին իր պայմաններ է նշում` թե ինչ ապրանքներ է ցանկանում գնել և ինչ գնի;
«Հենց որ ֆերմերի կողմից եղավ հայտարարություն այն ապրանքատեսակի վերաբերյալ, որը գնորդը նշել է որպես իրեն հետաքրքրող, գնորդը իր տանը նստած կամ աշխատավայրում անմիջապես իր բջջայինի վրա ստանում է հաղորդագրություն: Հաղորդագրության մեջ երևում է, որ այսինչ մարդը վաճառում է ձեր ուզած ապրանքը ձեր ուզած գնով»,- ասաց Անի Մանուկյանը:
Դեռևս փորձարկվում է Eagro.am կայքի փորձնական տարբերակը: Այն հայերեն է: Բաղկացած է տարբեր բաժիններից: Կան ապրանքների տեսականու, բեռնափոխադրումների, նորությունների բաժին, հաղորդակցության հնարավորություն: Շուտով կավելանա նաև ֆորումը և խորհրդատվության բաժինը: Այսինքն՝ լինելու են համապատասխան մասնագետներ, ովքեր անհրաժշնության դեպքում համապատասխան խորհրդատվություն կարող են տրամադրել: Կայքը ամեն օր տրամադրում է նաև վիճակագրություն:
«Կայքում մարդիկ կարող են տեսնել, թե որ ապրանքի միջին գինը որ օրը ինչքան է եղել»,- ասաց ծրագրավորող Բաբկեն Որուխչյանը: