Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը Փարիզից դարձավ Նյու-Յորք

Հասարակություն
66bd91cd5b7b40e39e3598aaeb932e85

Բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է` նույնիսկ օտարերկրացիներն են նկատում, թե ինչպես է Երևանն օր օրի կորցնում իր սկզբնական տեսքը և վերածվում օտար քաղաքի:

«Օտարերկրացիները մի անգամ ինձ ասացին` դուք փոքր Փարիզ ունեիք, ինչո՞ւ եք այն Նյու Յորք դարձնում»,- ասաց տիկին Դանիելյանը:


Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար Երևանի էկոլոգիական խնդիրներն առաջնահերթություն են:


ՀՅԴ-ն առաջին հերթին պատրաստվում է քաղաքն ազատել ապօրինի շինություններից:

ՀՅԴ ցուցակում ընդգրկված բնապահպանական ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը մանրամասնում է. «Ապօրինի շինություններ ասելով պետք է հասկանալ բոլոր այն շինությունները, որոնք կառուցվել են կանաչ գոտիների հաշվին»:

Ապրես Զոհրաբյանը նաև հիշեցնում է` Երևանում մարդկանց բաժին ընկնող կանաչ տարածքները ավելի քան երկու անգամ քիչ են նախատեսված չափաբաժնից:

«Բարև Երևան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանն էլ միանում է` մարդկանց պետք է անհապառ վերադարձնել կանաչ տարածքները. «Մարդուց խլել իր կանաչ տարածքը` հանցագործություն է: Հետաքրքիր է, որ կանաչ տարածքներում շինարարություններ թույլ տալու վերաբերյալ ավագանու որոշումների ժամանակ ոչ ոք դեմ չի եղել»:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ հավելում է` երբ ուսումնասիրում ենք հանրային տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնողների փաստաթղթերը, տեսնում ենք, որ դրանցում ոչ մի թերություն չկա:

ԲՀԿ-ական Գուրգեն Գասպարյանը կտրականապես դեմ է այս կարծիքին: Ըստ նրա` վերջին հինգ տարիներին Ավագանին այնպիսի որոշում չի կայացրել, որը կբախվի հանրային շահին: «Իսկ այն սրճարանները, որոնք կառուցվել են կանաչ տարածքներում, դրանց թույլտվությունը եղել է 10-15 տարի առաջ»,- ասաց պարոն Գասպարյանը:

ՀԱԿ ցուցակի ներկայացուցիչ Եվա Թովմասյանը ԲՀԿ-ական ներկայացուցչին հիշեցնում է վերջին տարիներին կանաչ տարածքներում իրականացրած շինարարությունների մասին. «Ինչու՞ եք մոռանում Հրազդանի կիրճի մասին, որը վերածվել է ռեստորանների շքերթի վերջին 5 տարիների իշխանությունների օրոք»: