Զուրկ ծնողական քնքշանքից (տեսանյութ)
Մխիթարն ու Միքայելը զույգ եղբայրներ են: Ապրում են իրենց հայրական տանը, բայց ոչ թե ծնողների, այլ՝ տատ ու պապի հետ:
10-ամյա տղաներին ծնված օրից խորթ տատը՝ տիկին Հայկանուշն է պահել ու մեծացրել, որովհետեւ նրանց մայրն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Մի քանի տարի անց էլ գնացել է տնից:
22 հազար դրամ կենսաթոշակով են տարիներ շարունակ տատն ու պապը հոգացել երեխաների սննդի ու հագուստի հարցը: Հիմա ծայրահեղ ծանր վիճակը փոքր- ինչ մեղմվել է, որովհետեւ երկու ամիս է՝ նպաստ են ստանում: Հագուստով էլ նրանց օգնել է Վորլդ Վիժըն բարեգործական կազմակերպության Ալավերդու տարածքային գրասենյակը: Սակայն այդքանով նրանց խնդիրների մի փոքրիկ մասն է միայն լուծվել: Զույգ եղբայրները տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, նաեւ՝ սուր գլխացավեր: Իսկ բուժզննում անցնելու ծախսերը հոգալու համար այս ընտանիքը գումար չունի:
Երեխաների հայրը զինվորական է: Տիկին Հայկանուշն ասում է, որ հոր աշխատավայրից համապտասխան փաստաթուղթ լինելու դեպքում երեխաների բուժումը մասամբ անվճար կլինի: Այդ փաստաթուղթը, սակայն, հայրը հրաժարվել է բերել: Ծնողական խնամքից ու վերաբերմունքից զուրկ Մխիթարն ու Միքայելը դպրոցումշարունակ խնդիրներ են ունենում՝ տեսողության հետ կապված:
Մխիթարը գրքերից արտանկարներ է անում եւ հպարտանում, որ դրանք, օրինակ, դպրոցի պատն են զարդարում: Իսկ Միքայելը մեխանիկ է դառնալու: 10-ամյա եղբայրները պապի աջ ձեռքն են. ամեն ինչում օգնում են նրան: Բոլոր երեխաների նման նրանք էլ շատ երազանքներ ունեն՝ առողջ լինելու կարեւոր ցանկությունից սկսած մինչեւ գնդակ, հեծանիվ ու այլ խաղալիքներ ունենալը: Նաեւ ուզում են, որ բոլոր մարդիկ լավ ապրեն:
Մանրամասները «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում։